Tert.am. 21-12-2011- «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, և դրա ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ մի կապ չունի գալիք ընտրությունների հետ»,– «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի կառավարության անդամ, եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին։Նախարարի խոսքով՝ այսօր բոլոր ժողովուրդները պետք է հստակ և քաջ լինեն և նայեն իրենց պատմությանը: «Հայերի ցեղասպանությունից մոտավորապես 100 տարի է անցել, դրա պատասխանատուները մահացել են, և պատմության այդ փաստը ճանաչելը դյուրին խնդիր է»,–հավելել է նա։
Ժան Լեոնետին հավելել է, թե ընդդիմադիր սոցիալիստները ևս որոշել են պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Նա նշել է, որ օրինագծի նախաձեռնողները պատգամավորներն են, ոչ թե կառավարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը (UMP–ի ներկայացուցիչ)։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment