Wednesday, December 21, 2011

Թուրք խորհրդարանականի ելույթի ժամանակ ֆրանսիացի պատգամավորը լքել է դահլիճը

Tert.am. 21-12-2011- Բաքվում անցկացվող միջազգային կոնֆերանսի («Արդիականացման քաղաքականությունը. նոր տնտեսական և սոցիալական մարտահրավերները») ընթացքում Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անդամ Մուստաֆա Կաբակչիի ելույթի ժամանակ ֆրանսիացի պատգամավորը լքել է դահլիճը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը, իր ելույթում Կաբակչին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ իրադարաձությունների վերջին զարգացմանը, ասել է, թե պատմությամբ պետք է պատմաբանները զբաղվեն։
Կայքը ընդգծում է, որ լրագրողները մոտեցել են ֆրանսիացի պատգամավորին և հարցրել՝ ինչու է լքել սենյակը, նա, սակայն, որևէ բացատրություն չի տվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը (UMP–ի ներկայացուցիչ)։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը։

No comments: