Monday, December 12, 2011

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ «փաթեթով»

«Լրագիր» 12-12-2011- Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության միջեւ վերջին շրջանի հակասությունները կրկնում են 2007 թ. խորհրդարանի ընտրության շեմին ստեղծված իրավիճակը: Այն ժամանակ թե ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ն հավակնում էին խորհրդարանի մեծամասնությանը: Երկրի բարձրագույն իշխանության աջակցությամբ ստեղծված ԲՀԿ-ն հայտարարում էր, որ ունի 400 հազար անդամ, եւ հավակնում էր նաեւ ընդդիմադիր ընտրազանգվածին: ՀՀԿ-ն, իր հերթին, ընտրության նախաշեմին խոշոր համալրում ստացավ՝ ի դեմս քրեականացված բիզնես շրջանակների:
Բոլորն են հիշում, թե ինչ կատարվեց հետո՝ ընտրություններից հետո պարզվեց, որ ՀՀԿ-ն վերցրել է բացարձակ մեծամասնություն, իսկ ԲՀԿ-ն ստացել էր կրկնակի պակաս ձայն, քան հայտարարվում էր անդամների քանակի մասին: Փատացի, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «հեռակա» պայքարում ՀՀԿ-ն հաղթող դուրս եկավ, եւ մայիսի 12-ի գիշերը Քոչարյանն իր ոտքով գնաց ՀՀԿ՝ ընդունելու պարտությունը:
Շատերն էին այն ժամանակ հարց տալիս, թե ինչու է ստեղծվել ԲՀԿ-ն, եթե կար արդեն ՀՀԿ-ն, որի միջոցով կարելի էր իրականացնել ցանկացած ներքաղաքական մտադրություն: Քչերն էին այս հարցի շուրջ փորձում բացատրություններ գտնել, քանի որ ընդդիմադիր շրջանակների ու մամուլի մատուցմամբ տիրող մտայնությունն այն էր, թե Քոչարյանն ու Սարգսյանը «խաղեր են խաղում», որ նրանք «սիամական երկվորյակներ» են եւ այլն:
Սակայն, նաեւ ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչ միայն «երկվորյակներ» չէին, այլեւ գտնվում էին հակադիր, իրարամերժ դիրքերում, որոնք ենթադրում էին թե ներքին, թե արտաքին բավական լուրջ քաղաքական զարգացումներ:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն ինչ որ առումով «միջազգային» նախագիծ էր: Այն ժամանակ Հայաստանի իշխանության վրա լուրջ ճնշում կար երկրում ձեւավորված քաղաքական ու տնտեսական համակարգը բարեփոխելու հարցում: Փոխարենը, Հայաստանում հսկայածավալ ծրագրեր սկսեցին իրականացվել, մասնավորապես Լինսի հիմնադրամի ու Հազարամյակի մարտահրավերների խողովակներով:
Քոչարյանը կարծես թե հանձն էր առել այդ դերը, որի իմաստն այն էր, որ պետք է ապամոնտաժվի այն, ինչ ներկայում կոչվում է «ավազակապետություն»: Դրա համար ընտրվել էր ԲՀԿ նախագիծը, որը պետք է կենտրոնացներ մարդկային ու ֆինանսական հսկայական պոտենցիալ եւ վերջ տար հակառակ բեւեռին, որը կենտրոնացել էր ՀՀԿ-ում, դառնալով «ավազակապետության» խորհրդանիշը: Սա մոտավորապես այն մեխանիզմն էր, ինչ կիրառվեց Ամերիկայում, երբ Կոռլեոնեին հանեցին մնացած մաֆիոզ կլանների դեմ:
Քոչարյանը նման «փորձ» արդեն ուներ. գալով իշխանության, նա Հայաստանում փաստացի վերացրեց ռազմական օլիգարխիան: Սակայն ԲՀԿ նախագիծը տապալվեց. ընտրություններում ՀՀԿ-ն «բացարձակ հաղթանակ» տարավ, եւ ԲՀԿ-ն ստիպված էր միանալ կոալիցիային:
Փաստացի, ԲՀԿ-ն չկատարեց իր «պատմական առաքելությունը»: Սակայն, Հայաստանի հանդեպ թե ներքին, թե արտաքին պահանջները չեն փոխվել, եւ կարելի է ասել՝ ավելի են խստացել: Ակնհայտորեն, Սերժ Սարգսյանը ներկայում ավելի լուրջ ճնշման տակ է, քան Քոչարյանը 2007 թվականին: Բացի այդ, եթե Քոչարյանի խնդիրը «ավազակապետության ապամոնտաժումն» էր ՀՀԿ-ի մասով, ապա Սերժ Սարգսյանը այդ հարցը պետք է լուծի «փաթեթով», որի մեջ են մտնում թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, թե նաեւ սրանցից դուրս գտնվող «հայտնի» շրջանակները:
Սերժ Սարգսյանին միջազգային հանրությունը լայն «ֆոռա» է տվել. Քոչարյանին եւ ԲՀԿ-ին փաստացի թույլ չեն տալիս լիովին ծավալվելու (հիշենք թեկուզ ԲՀԿ հայտնի համագումարը, որին պետք է ներկա լիներ Քոչարյանը եւ գլխավորեր այդ կուսակցությունը, սակայն փոխարենը համագումարին գնաց ու ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը): Բացի այդ, կոնսերվացրել են արտաքին խնդիրները՝ Ղարաբաղի ու հայ-թուրքական կարգավորումը: Այնպես որ, Սերժ Սարգսյանին չի թողնվել որեւէ արդարացում՝ «ավազակապետությունը չմոնտաժելու» համար:
Հայկ Արամյան

No comments: