Monday, December 12, 2011

Բաքուն պարտվում է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում

Times.am. 12-12-2011- Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Մինսկի Խմբի համանախագահների արած հայտարարությունը, մեղմ ասած, այդքան էլ դուր չեկավ Ադրբեջանին, և նրանց քաղաքական էլիտան իր դժգոհությունը արտահայտեց կրկին մեզ քաջ հայտնի Ադրբեջանի նախագաhի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Նովրուղ Մամեդովի շուրթերով, որը, հարցազրույց տալով Trend.az գործակալությանը, հնչեցրեց Բաքվի հերթական բարբաջանքը: Ելնելով Մամեդովի հակասական մտքերից` սկզբում մի փոքր դժվար էր հասկանալ, թե վերջինս կոնկրետ ինչ էր ուզում ասել, բայց այնումենայնիվ մի բան պարզ դարձավ. մարդը դժգոհ էր և միքիչ էլ ջղային:

Մեկ մարդն ասում է, որ միջազգային հանրությունը հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկակի ստանդարտներ է կիրառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում` չպատժելով Հայաստանին և այդպիսով աջակցելով մեր երկրին, հետո նույն ելույթում ասում է, թե Հայաստանը ձգձգում է հակամարտության լուծումը, և շուտով նրա դիմակը կպատռվի Միջազգային հանրության առջև և նրան կպատժեն: Մեկ այլ պարբերությունում մեր հարգարժան Մամեդովը ծիծաղելի է համարում համանախագահների կոչը կողմերին, որպեսզի նրանք ինքնուրույն լուծումներ գտնեն, իսկ հետո Trend.az գործակալության լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք խնդրի կարգավորման համար ներգրավել այլ միջազգային կառույցների, Նովրուզ Մամեդովը պատասխանում է, որ նրանց կարծիքով Մինսկի Խումբը մեծ ջանքեր է գործադրում և փորձում է խնդիրը լուծել` չնայած այն բանի, որ Ադրբեջանը դժգոհ է կառույցի աշխատանքներից:

Հարգելի՛ ընթերցող, ասացեք խնդրեմ, մի՞ թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավարը հարցազրույցում իրավունք ունի նման առաջին դասարանի մակարդակի երեխայի նման պրիմիտիվ արտահայտություններ անել: Ի դեպ մոռացա նշել, որ Մամեդովը, այս ամենից զատ, խոսեց նաև Ադրբեջանի համբերության բաժակի լցվելու մասին, որն իբր պետք է հանգեցնի խնդրի ռազմական լուծմանը: Այս բաժակի մասին վերջերս ադրբեջանական Zerkalo.az կայքի լրագրողներից մեկը շատ դիպուկ պատասխան տվեց` ասելով, որ այդ բաժակն արդեն մոտ տասնհինգ տարի է ինչ լցվում է, բայց դրա վերջը դեռ չի երևում, իսկ աշխարհը սկսում է անլուրջ վերաբերվել Ադրբեջանին: Սա այնպես, իմիջիայլոց, անրադարձ էր մեկ այլ կլիշե (cliché) դարձած մտքի: Իսկ հիմա վերադառնանք նյութի բուն թեմային:

Մամեդովի նման հակասական արձագանքը պարզապես Բաքվի` նուրբ իրավիճակում հայտնվելն է: Մի կողմից, Ադրբեջանի համար բանակցություններն իրենց չեն արդարացնում. Հայաստանին չի հաջողվում միջազգային և տարածաշրջանային ճնշումների ենթարկելով` Ադրբեջանին ստիպել գնալ անտրամաբանական զիճումների, իսկ մյուս կողմից, ռազմական ճանապարհով Բաքուն հարցը լուծել չի կարողանում, որի համար կա երկու պատճառ. մեկը այն է, որ Բաքուն այնքան հզոր չէ, որպեսզի ինքնուրույն լուծի այդ խնդիրը, և դրա համար էլ նեղվում է համանախագահների` խնդիրը իրար մեջ լուծելու կոչից: Իսկ երկրորդ, նման տարբերակը աջակցույթյուն չի ստանա միջազգային հանրության կողմից և դեռ մի բան էլ ավելի. մեծ խնդիրներ կառաջացնի` լինեն դրանք, քաղաքական, տարածքային, թե պարզ` տնտեսական:

Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարությունը այդքան էլ նախանձելի վիճակում չէ: Սրանից հետևություն` ժամանակն է, որ մեր հարևանները հասկանան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ամեն ինչ այդքան էլ պարզ և հստակ չէ, ինչպես իրենք են պնդում և ուզում են համոզել ամբողջ աշխարհին: Հասկանալով խնդրի ողջ բարդությունը` Ադրբեջանը պետք է ընտրի խնդրի կարգավորման կառուցողական ճանապարհը, որպեսզի վերջապես սայլը տեղից շարժվի, իսկ մեր տարածաշրջանը բնականոն տեսք ընդունի` ստեղծելով հեռանկարային նախադրյալներ խաղաղ գոյակցության համար: Ի վերջո, աշխարհը միայն իրենց շուրջը չէ, որ պտտվում է և ոչ ոք չի ցանկանում ողբալ, ցավալ ուրիշների խնդիրների համար, նույնիսկ «քաղաքակիրթ Եվրոպան»:

Էրիկ Երիցյան

No comments: