Wednesday, December 7, 2011

Աղանդները մտնում են հայ ընտանիք. Ահազանգում է պատգամավորը

Tert.am. 6-12-2011- Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մարզպետունի Մանուկյանն անդրադարձավ աղանդավորական կազմակերպությունների քայքայիչ գործունեությանը: Նրա խոսքով` վերջին տասը տարիների ընթացքում աղանդավորական կազմակերպությունները ոչ միայն բազմացել են, այլև խոր արմատներ են գցել հայ հասարակության մեջ:
«Դա ազգային անվտանգության հարց է, քանի որ աղանդները, հոգևորսության տարբեր մեթոդներ կիրառելով, մտնում են հայ ընտանիք` աստիճանաբար հայ մարդու մեջ սպանելով ազգային ինքնագիտակցության պաշտպանական բնազդը: Սա ուղղված է հայ ընտանիքի խեղաթյուրմանն ու քայքայմանը»,- ասաց Մարզպետունի Մանուկյանը:
ՕԵԿ-ական պատգամավորի համոզմամբ` ՀՀ օրենսդրությունը, որը պիտի կարգավորի անչափահաս երեխաների պաշտպանությունը իրենց աղանդավոր ծնողների ոտնձգություններից, շատ թույլ է, դրա վկայությունն են անչափահաս երեխաների` կրոնական հողի վրա կատարվող ինքնասպանությունները:
«ՕԵԿ-ը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել հայ ընտանիքի կայունությունն ու անվտանգությունը, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք աղանդների դեմ»- ասաց պատգամավորը:

No comments: