«Լրագիր» 21-12-2011- Վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո, Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հայտարարել էին Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության եզրափակիչ փուլ մտնելու մասին: Ադրբեջանի վարչապետը հայտարարել էր, որ շինարարության ֆինանսական բոլոր հարցերը լուծված են, եւ այն կավարտվի կամ 2012 թվականի վերջին, կամ 2013 թվականի սկզբին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Վրաստանին վարկ է տալիս երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար:Հասկանալի է, թե երկաթուղին ինչ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Այն Հայաստանը մեկուսացնող եւս մի օղակ է, որ կարող է այսպես ասած ամրացնել Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը:
Պարզ է նաեւ, թե ինչու է այդ նախագծով ոգեւորված նաեւ Թուրքիան:
Թե ինչու Վրաստանը միացավ դրան, երեւի թե նույնպես պարզ է: Վրաստանն ակնկալում է երկաթուղու աշխատանքից ստանալ տնտեսական օգուտ, առավել եւս, որ երկաթուղին ինքը լիովին տեղավորվում է տարանցիկ կովկասյան երկիր լինելու վերաբերյալ վրացական էլիտայի տնտեսա-քաղաքական պատկերացումների մեջ:
Բայց, դա էլ կարծես թե հակասում է հայ-վրացական հարաբերության բարեկամականության մասին պատկերացումներին, որ փորձում են երկու ժողովուրդներին ներշնչել Հայաստանի ու Վրաստանի էլիտաները: Եթե Վրաստանը Հայաստանի բարեկամն է, ապա պետք է որ չմիանար Կարս-Ախալքալակ-Բաքու նախագծին, որը խորացնում է Հայաստանի շրջափակումը:
Այստեղ, սակայն, իրավիճակը կարծես թե այդքան էլ միարժեք չէ, որքան թվում է առաջին հայացքից:
Կա մի քանի հետաքրքրական հանգամանք: Նախ, հիշարժան է, որ Արեւմուտքը այդպես էլ փող չհատկացրեց այդ նախագծի համար, թերեւս հենց այն պատճառով, որ հանդիսանում էր Հայաստանի շրջափակումը խորացնող նախագիծ:
Հայտնի է, որ Արեւմուտքը բավական մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա: Հարց է առաջանում, թե արդյոք Արեւմուտքը չէր կարող ազդել Վրաստանի իշխանության վրա, որ Վրաստանն էլ հետ կանգներ նախագծին միանալու որոշումից: Հազիվ թե երկաթուղին Վրաստանի համար այն կենսական հարցն էր, որ Սահակաշվիլին ամեն գնով կպաշտպաներ եւ չէր լսի Արեւմուտքին:
Թերեւս ավելի հավանական է, որ Արեւմուտքը չի դրել այդպիսի խնդիր, այլ պարզապես չուզեց ինքը փող ծախսել նախագծի վրա, Թուրքիային եւ Ադրբեջանին ստիպելով վճարել իրենց գրպաններից: Մինչդեռ, այդ վճարի արդարացվածությունը մեղմ ասած հարաբերական է: Հարցն այն չէ, որ երկաթուղին կարող է լինել տնտեսապես ոչ շահավետ:
Այստեղ կարծես թե նշմարվում է, կամ գոնե կարող է նշմարվել մեկ այլ էական հանգամանք:
Ադրբեջանն ու Թուրքիան հարյուրավոր միլիոններ են ծախսում նոր երկաթուղի անցկացնելու եւ Կարս-Գյումրի հատվածը շրջանցելու համար: Արեւմուտքը դեմ է դրան, փող չի տալիս, բայց կարծես թե էական ջանքեր էլ չի գործադրում դրան խանգարելու համար, թեեւ թվում է, որ կարող է անել դա Վրաստանի վրա ազդելու միջոցով: Վրաստանը Հայաստանի հետ բարեկամական հարաբերության մասին է խոսում, բայց միանում է այդ նախագծին, իսկ Հայաստանն էլ կարծես թե որեւէ կերպ չի ակնարկում Վրաստանի այդ պահվածքից իր դժգոհության մասին:
Արդյունքում, մեկ տարի անց տարածաշրջանում կարող է լինել մի նոր երկաթուղային գիծ, որը կշրջանցի Հայաստանն ու լրացուցիչ հեռանկար ու եկամուտ կապահովի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համար:
Բայց, երբ կա երկաթուղին, կարո՞ղ է արդյոք դրա շահագործումից հետո Հայաստանն էլ օգտվել այդ երկաթուղուց: Իհարկե, Հայաստանը զրկվում է Կարս-Գյումրիի տարանցիկության տնտեսա-քաղաքական հեռանկարից, բայց կարող է Կարս-Ախալքալակը ծառայեցվել Հայաստանի բեռնափոխադրումներին՝ Եվրոպա-Կովկաս: Բեռները կգան մինչեւ Ախալքալակ, իսկ այնտեղից էլ Հայաստան: Դա Հայաստանի համար կարող է թեթեւացնել տրանսպորտային ծանրությունը, զգալի մասով:
Ինչ պետք է անեն Ադրբեջանն ու Թուրքիան: Նրանք բնականաբար դեմ պետք է լինեն կամ հայկական բեռների համար պետք է շատ բարձր գին սահմանեն: Բայց այստեղ շատ կարեւոր կլինի Վրաստանի դիրքորոշումը, ինչի հարցում էլ գուցե շատ կարեւոր լինի Արեւմուտքի ազդեցությունն այդ երկրի վրա: Գումարած Ջավախքի պարագան, որը թերեւս ազդեցության մի լրացուցիչ լծակ կարող է լինել:
Այսինքն, կարծես թե կան Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները սանձելու հնարավոր տարբերակներ, որոնց շնորհիվ Կարս-Ախալքալակ երկաթուղին կարելի է ժամանակի ընթացքում ծառայեցնել նաեւ Հայաստանի բեռնափոխադրումներին: Դա ամենալավ տարբերակը չէ, բայց չեղածից էլ շատ ավելի լավ է:
Միգուցե հենց այդ հեռանկարները հաշվի առնելով էլ Արեւմուտքն ու նաեւ Վրաստանը միացել են առայժմ Հայաստանը մեկուսացնող այդ նախագծին, քանի որ այն իրականություն դարձնելուց հետո, նշմարվում են նախագիծը նաեւ Հայաստանի համար հնարավորության աղբյուր դարձնելու տարբերակներ:
Ի վերջո, երկաթուղու համար հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսած Ադրբեջանն ու Թուրքիան հազիվ թե դադարեցնեն դրա գործունեությունը, ինչ է թե հայկական բեռներ չանցնեն այդ երկաթուղով, առավել եւս, որ մեկ էլ հանկարծ Վրաստանը Արեւմուտքի օգնությամբ կարող է որոշել, որ եթե հայկական բեռներ չեն անցնելու, ուրեմն չի անցնի որեւէ այլ բեռ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment