Wednesday, December 21, 2011

Քուրդ պատգամավորները չեն ստորագրել հայկական բանաձեւը քննադատող փաստաթղթի տակ

News.am. 21-12-2011- Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ համատեղ փաստաթուղթ են պատրաստել, որը քննադատում է Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցությունների կողմից պատրաստված փաստաթղթում նշվում է, թե Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում ներառված հայկական բանաձեւ միակողմանի փաստերի վրա է հիմնված, չի կարող ընդունելի լինել եւ պատմական սխալ է։
Մեծ է եղել պատգամավորների զարմանքը, երբ Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները հրաժարվել են ստորագրել հիշյալ փաստաթղթի տակ։ Քրդական կուսակցության խորհրդանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը հայտարարել է, թե փաստաութուղթը չի արտացոլում այն ժամանակաշրջանի իրականությունը, որի պատճառով էլ չեն ստորագրում այն։
Նշենք, որ օրեր առաջ քրդական կուսակցության մեկ այլ պատգամավոր խորհրդարանում ասել էր թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա եւ հիշատակել 1915-ին հայերին կոտորելու փաստը։

No comments: