Tert.am. 21-12-2011- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ընդգրկմանն է անդրադառնում նաև ռուսական «Կոմերսանտ» պարբերականը և գրում, որ պաշտոնական Անկարան հայտարարել է, թե այդ օրինագծի ընդունումը շատ «լուրջ հետևանաքներ է» ունենալու թուրք–ֆրանսիական հարաբերությունների համար։«Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ օրինագիծը քվեարկությունից հանելու խնդրանքով անձամբ է դիմել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում դա չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու երկու երկրների հարաբերությունների համար»,– «Հայոց ցեղասպանությունը թանկ կնստի Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդվածում գրում է «Կոմերսանտ»–ը և հավելում, որ, թուրքական աղբյուրների տվյալներով, Թուրքիայի ԱԳՆ–ում արդեն պատրաստել են «համապատասխան գործողությունների ծրագիրը»։
Պարբերկանը ընդգծում է, որ այդ ծրագիրը նախատեսում է ինչպես դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում, այնպես էլ բոլոր ոլորտներում հարաբերությունների վերանայում։ «Նման մի սխեմա Անկարան փորձարկել էր Իսրաեյլի վրա, որի հետ Թուրքիան վիճել էր 2010թ.` Գազայի հատված ուղևորված «Ազատության» նավատորմի առնչությամբ, որը կալանվել էր Իսրայելի հատուկ նշանակության զորքերի կողմից»,–նշվում է հոդվածում։
«Փաստաթղթի ընդունումը զգալի վնաս է հասցնելու երկու երկրների տնտեսական հարաբերություններին»,– Թուրքիայի ապրանքահումքային բորսաների և առևտրային պալատի նախագահ Ռիֆաթ Հիշարչիքլիօղլուի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»–ն՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի վրա սեփական սկզբունքայնությունն, իրոք, կարող է շատ թանկ նստել։
«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները €11,5 մլրդ են կազմում։ Փորձագետները Թուրքիայի տնտեսությունում ֆրանսիական ներդրումները մոտ €6,5 մլրդ են գնահատում։ Թուրքիայում մոտ1000 ֆրանսիական ընկերություններ են գործում, որոնցից 30–ը տարբեր ոլորտներում (ապահավոգրության ոլորտից մինչև ավտոարդյունաբերություն) խոշոր ծրագրեր իրականացնող առաջատար ընկերություններ են։ Այսպես, Airbus ընկերությունը (որ մտադիր է մինչև 2030թ. գրեթ լիովին նորացնել իր ավիապարկը) վտանգում է «չստանալ» թուրքական ազգային ավիափոխադրող Turkish Airlines–ին ուղևորատար ինքնաթիռներ մատակարարելու պայմանագիրը։ Իսկ ֆրանսիական Areva ընկերության համար կտրուկ կնվազեն Սինպոն նահանգում ԱԷԿ կառուցելու համար տենդերը շահելու շանսերը (նախագիծը գնահատվում է €15 մլրդ),–նշված է հոդվածում։
«Հարաբերությունների վերանայումը հարված կհարցնի նաև հենց Թուրքիային։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Ազգային ժողովում օրինագծի քվեարկության նախօրեին Փարիզ է ուղևորվել թուրք գործարարների խումբը, որը մտադիր է ֆրանսիացի գործընկերներին բացատրել, թե ինչ հետևանքներ կունենա այդ օրինագծի ընդունումը»,–եզրափակում է պարբերականը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment