Wednesday, December 21, 2011

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

News.am. 21-12-2011- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») հրաժարականը` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար: Կոալիցիան այս պահանջով հայտարարություն է տարածել Facebook սոցիալական ցանցում եւ ստորագրահավաք սկսել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Նոյեմբերին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը մեր կառավարության կողմից ոչ մի արձագանք չստացավ: Եվ վերջերս, իր Քաջարան կատարած այցի ժամանակ, Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
Սա անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում: Երբ տղամարդը, հատկապես կառավարության ներկայացուցիչը ցուցաբերում է նման բռնի վարք եւ կառավարությունը առնվազն չի դատապարտում այն կամ պատժում, այն հանդիսանում է պատճառ բոլորի համար, որ կանանց նկատմամբ բռնությունը մատնված է ամենաթողության եւ ընդունված երեւույթ է Հայաստանում:
Կոալիցիան դատապարտում է գենդերային հիմքով բոլոր տեսակի բռնությունները: Մենք գտնում ենք, որ այսպիսի գործողությունները ամրապնդում են բռնության մշակույթը եւ խրախուսում կանանց նկատմամբ բռնությունը, ինչը լայնորեն տարածված է հայկական ընտանիքներում:
Մենք պահանջում ենք, որ մարզպետը պաշտոնազրկվի նման ոչ քաղաքակիրթ վարքի համար»:
Հիշեցնենք, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սուրեն Խաչատրյանը հրապարակավ հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Այդ փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել «ծեծի» հոդվածի հատկանիշներով, սակայն գործը կարճվել էր, քանի որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ծեծի հատկանիշներ չկան, Սուրիկ Խաչատրյանը ընդամենը մեկ անգամ ապտակել է Սիլվա Համբարձումյանին: Վերջինս իր հերթին գոհունակություն էր հայտնել ՀՔԾ որոշումից, քանի որ, ըստ նրա, այդտեղ գրված է, որ Սուրիկ Խաչատրյանը զղջում է իր արածի համար: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես հայտարարել էր, որ այդ արարքում հանցակազմ չկա:

No comments: