Thursday, December 8, 2011

Երևանում կմեկնարկի «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովը

«Tert.am», 08.12.11: Դեկտեմբերի 9-10-ը Երևանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» դահլիճում ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Ինչպես հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, գիտաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման և միջդավանական համերաշխության, համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին։ Թեմատիկայի առումով սա առաջին փորձն է՝ լուսաբանելու ոլորտի խնդիրները։
Պատմական հանգամանքների բերումով 19-րդ դարի կեսերից Հայ Առաքելական եկեղեցու կողքին ստեղծվեցին Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Հետագայում՝ Ցեղասպանության տարիներին, հայերը զանգվածաբար ենթարկվեցին բռնի իսլամացման։ Արդյունքում՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների կողքին ներկայումս հայության մաս են կազմում նաև կաթողիկե, ավետարանական և իսլամացված հայերը։
Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում պատմականորեն ձևավորվել է համագործակցության որոշակի փորձ, որն առավել ակնառու դրսևորում է ստացել Սփյուռքում։ Ուշագրավ են, օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար համատեղ պայքարը, սոցիալական կառույցների համատեղ հիմնումը և տնօրինումը, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված համատեղ միջոցառումները և այլն։ Միևնույն ժամանակ, կան նաև որոշ խնդիրներ։
Զեկուցումներով հանդես կգան Հայաստանից՝ Գ. Հարությունյանը, Վ.Ասցատրյանը, Ռ.Մելքոնյանը, Ա.Սիմավորյանը, Հ.Հովհաննիսյանը, Ս.Վարդանյանը, Սփյուռքից՝ Մ.Դաբաղը (Գերմանիա), Վ.Թաշճյանը (Լիբանան), Հ. Չոլաքյանը (Սիրիա), Հ.Մոսկոֆյանը (Լիբանան), և այլք։

No comments: