Thursday, December 8, 2011

Կառուցվելու են պետական սահմանի անցման կետերը

«Lragir.am», 08/12/2011: ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով հատկացնել ավելի քան 305 մլն 355 հազար դրամ։ Հաջորդ որոշմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22.5 հա հողամասերի օտարման նպատակը ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։
Գործադիրը հաստատել է Համաշխարհային բանկից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով անցկացված միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ Արծվաքար թաղամաս- Գավառ-Կարմիրգյուղ ճանապարհային հատվածի վերականգնման մրցույթի հաղթող ճանաչելով «Զանգեզուրտրանսշին» և «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ները, Բերդ-Նավուր-Իծաքար հատվածի վերականգման մրցույթի հաղթող՝ «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ն և «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ակնկալվում է ճանապարհատվածների վերականգնումն ավարտել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ 2011 թ. պետբյուջեով նախատեսված առանց հայտարարությունը հրապարակելու բանակցային ընթացակարգով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի 2-րդ տրանշի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ն։

No comments: