Thursday, December 8, 2011

Նախագահը սփյուռքահայերին հրավիրում է պատիվն ու պատասխանատվությունը կիսելու

«Panorama.am», 08/12/2011: Մարսելի քաղաքապետարանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Սփյուռքին՝ կոչ անելով մասնակցել Հայաստանում առկա խնդիրների, թերությունների բացահայտմանն ու հաղթահարմանը:
Նշելով, որ երկքաղաքացիության ինստիտուտի գործարկմամբ հոգեբանական պատնեշը վերացվել է՝ հանրապետության ղեկավարն արձանագրել է, որ այսօր շատ սփյուռքահայեր ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի կյանքում:
«Անշուշտ դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում»,- նկատել է երկրի ղեկավարն ու նշել, որ խնդիրը լուծում ունի. «Անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը»:
Դիմելով սփյուռքահայերին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր հայրենակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի, և հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պետք է քննարկենք մեր խնդիրները՝ առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն, իհարկե, այդ թերությունների համար ես եմ: Բայց ուզում եմ իհարկե, որ բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, հաջողության պատիվը»:

No comments: