News.am. 11-12-2011- Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան նախընտրական պայքարում իր դիրքերն ամրապնդելու նպատակով փորձում է մասնատել նախիջեւանյան կլանը: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը նշում է, որ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիր, Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայումս գործազուրկ Ալի Նաղիեւը պատրաստվում է իր կուսակցությունը ստեղծել:«Իրականում Նաղիեւի` կուսակցություն ստեղծելու ծրագիրը Բաքու-Շիրվանյան կլանի ձեռքի գործն է, դրանով նրանք ցանկանում են մասնատել եւ թուլացնել մեկ այլ ազդեցիկ` նախիջեւանյան կլանի դիրքերը: Բաքու-Շիրվանյան կլանի անդամները կարծում են, որ Ալի Նաղիեւի միջոցով կարող են իրենց կողմը գրավել ԵԱԿ-ի նախիջեւանյան թեւը` այսինքն «հին գվարդան», որի ղեկավարը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է»,-գրում է թերթը: Այժմ Ալի Նաղիեւը մեծ աջակցություն է ստանում Բաքու-Շիրվանյան կլանի ղեկավար Փաշաեւներից:
Նախատեսվում է, որ Նաղիեւի կուսակցությունը կդառնա երկրորդ ազդեցիկ քաղաքական ուժը երկրում` իշխող ԵԱԿ-ին այլընտրանք լինելով: «Սակայն խնդիրն այն է, որ քիչ հավանական է, որ «հին գվարդիայի» ներկայացուցիչները կցանկանան անցնել Նաղիեւի ղեկավարած կուսակցության շարքերը, քանզի նրանցից շատերը ժամանակին Ալի Նաղիեւին չէին ընդունում իրենց շարքերում»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment