Thursday, December 8, 2011

Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

«Panorama.am»08.12.2011: Դեկտեմբերի 7-ի երեկոյան Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի օրենսդրության հարցերով հանձնաժողովը հաստատել է Վալերի Բոյերի հեղինակած օրինագիծը, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հանձնաժողովի շուրջ հինգ տասնյակ անդամների աջակցությունը ստացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սահմանել այն անձանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը:
Օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը ներկայացնում է նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը:
Ուշագրավ է, որ օրինագծի հարցով քվեարկությունը Ֆրանսիայի ԱԺ-ում կայացել է հենց այն րոպեներին, երբ Մարսելի քաղաքապետարանում ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ էր ունենում քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը: Վերջինս իր խոսքում նշել էր, որ օրինագծի ընդունման հնարավորություններ են առկա:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մասնավորապես հայտարարել էր, որ եթե Թուրքիան չառերեսվի իր պատմության հետ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա՝ քրեականացնելով ցեղասպանության ժխտումը:

No comments: