Thursday, December 8, 2011

Այսօր Խորհրդային Միության պաշտոնական փլուզման 20 տարին է լրանում

News.am. 8-12-2011- Այսօր Բելովեժի համաձայնագրերի ստորագրման 20 տարին է լրանում, որոնք պաշտոնապես հայտարարեցին Խորհրդային Միության գոյության դադարեցման մասին:
1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը եւ Ստանիսլավ Շուշկովիչը Բելովեժում (Բելառուս) տեղի ունեցած հանդիպման ընթացքում փաստաթուղթ ստորագրեցին, որում գրված էր. «ԽՍՀ Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը»: Այդ փաստաթղթի առաջին հոդվածը սահմանում էր Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): 1991թ. դեկտեմբերի 12-ին ՌՍՖՍՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց Բելովեժի համաձայնագրերը:
Դեկտեմբերի 21-ին համաձայնագրին միացան Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը, որոնք Ալմաթիում (Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ մեկտեղ) հռչակագիր ստորագրեցին նոր համագործակցության (ԱՊՀ) սկզբունքների եւ նպատակների մասին: Այսպիսով, Խորհրդային Միությունը գոյություն է ունեցել ուղիղ 69 տարի:
1990թ. մարտից 1991թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրենց անկախության մասին հայտարարեցին նախկին խորհրդային բոլոր 15 երկրները, այդ պատճառով Բելովեժի համաձայնագրերը հաճախ դիտարկվում են իբրեւ ձեւականություն:
2005թ. Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումն անվանել է XX դարի «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: