Wednesday, December 7, 2011

Թիկնապահների պատերազմ

«Լրագիր» 6-12-2011- Հայաստանի խորհրդարանը փորձում է օրենք ընդունել մասնավոր թիկնազորի մասին, որպեսզի սահմանափակի թիկնապահների թիվը, որոնց կարող են պահել մասնավոր անձինք: Օրենքի ընդունման նպատակը հայտարարվում է, որ սոցիալական արդարությունն ու հավասարությունն է. հարիր չէ, երբ կարողություն ունեցող մարդիկ, մանավանդ եթե նրանք պաշտոնյա են, քայլեն ամենաթողությամբ օժտված թիկնազորի ուղեկցությամբ:
Հարցն իրոք բարոյական նշանակություն ունի, սակայն քաղաքական ենթատեքստ նույնպես կա: Ինչպես հայտնի է, օլիգարխների եւ հարուստ մարդկանց միջեւ վեճերը վերածվում են թիկնապահների պատերազմի: Նրանք կրակում են միմյանց վրա, «ռազբորկաներ» են անում, իսկ ոստիկանությունը նման միջադեպերին այնքան էլ խիստ չի մոտենում, իբր, թող տղաները զվարճանան, նրանց թույլատրվում է:
Քաղաքական «ռազբորկաներին» թիկնազորի մասնակցությունն արդեն նախադեպեր ունի: Սկսած խորհրդարանի նախորդ ընտրություններից, մարտի 1-ից, երբ օլիգարխներն իրենց թիկնազորը հանեցին ժողովրդի դեմ, վերջացրած Երեւանի քաղաքապետի առաջին ընտրություններով, երբ ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների թիկնապահների միջեւ բախումներ եղան, եւ նույնիսկ կրակոցներ հնչեցին:
Այդ ժամանակ պարզ դարձավ, որ թիկնազորը կարող է դառնալ հենց այն զինված զանգվածը, որը շատ տեղամասերում ունակ է որոշել ընտրությունների արդյունքը: ՀՀԿ եւ ԲՀԿ դիմակայության ֆոնին չի բացառվում նման «տեխնոլոգիաների» կիրառումը գալիք խորհրդարանական ընտրություններում: Դա կարող է ոչ միայն կորուստների հանգեցնել, այլեւ ընտրությունների ընթացքի նկատմամբ վերահսկողության կորստի:
Ահա թե ինչու որոշում է ընդունվել զինաթափել թիկնազորին, իսկ նրանց հետ մեկտեղ` պատգամավորության հնարավոր թեկնածուներին:
Նաիրա Հայրումյան

No comments: