Monday, December 19, 2011

Արդար բաշխման իրական դեմքը

«Լրագիր» 19-12-2011- Սովետական Միության կիսաիրական դեմքը ցայսօր հետապնդում է մեր անիրական պետականությունը, եւ առավել ցայտուն այդ հետքը դրսևորվում է «սեփականություն» նուրբ հասկացողության մեջ, որ հայկական մտածողության ազդեցության ներքո ձևափոխվում է մինչև անբացատրելի ու անմեկնելի իրարամերժ ընկալումներ:
Հիրավի սեփական պետականության ու սեփական հարստության միասնական դաշինքը հայ ազգին տրված չէր: Մանթաշովներն ու Գյուլբենկյանները պատկանում էին այլ պետություններին, հաշվետու էին նրանց համակարգին, իսկ մեր կյանքում ներկա էին կամավոր բարեգործությունների տեսքով միայն, ինչն իհարկե գովելի էր, բայց պետության ու սեփականության, մանավանդ խոշոր սեփականության հարցը թողնում էր անորոշ կարգավիճակում:
Սվետական Միությունը մեզ տվեց այդ անորոշ կարգավիճակի վերջնական մոդելը, որը մեզ համար ամփոփվեց հետևյալ ձեւակերպման միջև՝ ԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՉԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՉԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Եվ եթե 70 տարիների ընթացքում հասարակական և պետական այլ հիմնասյուների հարաբերական ընկալում առկա էր մեր գիտակցության մեջ, ապա սեփականության արգելված պտուղն այդպես էլ մնաց այդպիսին, քանզի հասարակությունը չուներ պատասխան մի հարցի՝ ԻՆՉ է սեփականությունը: Տոհմիկ հարուստներ չունեցող պետւթյունը /կամ պետություն չունեցող սեփականատերերը/ արագ անցան ճանապարհն արգելանքից դեպի ամենաթողություն: Առաջին անկախական փորձերը՝ «հավասար» բաժանել սեփականությունը, որքան էլ ազնիվ լինեին, դատապարտված էին ի վերուստ. Սեփականությունն ու պետականությունը չհամատեղած ժողովուրդը տանուլ տվեց իր հիմնարար արժեքներից մեկը` սեփականությունը, վտանգելով մյուս երկուսը` կյանքն ու ազատությունը:

ԿՅԱՆՔ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Պետությունը կայանում է այդ 3 բաղկացուցիչների կայացման ու պաշտպանվածության չափով, ընդ որում սեփականությունն այդ 3-ից ամենաշոշափելին է, ամենաբացահայտն ու ամենախոցելին մանավանդ մեր միջավայրում, երբ սեփականության ուղին նոր է սկսվել, ու չսկսված մտել է փակուղի:
Ամեն անգամ բարձրացնելով արդար բաշխման խնդիրը` ականատես եմ եղել նրան, թե ինչպես են մարդիկ այն ընկալում սովետական կարգերի հեղափոխական լոզունգների ոճով, իբրև հարուստներից այդ ունեցվածքի անհապաղ բռնագրավում ու ընչազուրկների միջև բաժանում: Ընդ որում, բնավ կապ չունի՝ այդ լոզունգներն ընդունվում են ատելությամբ, թե հիացմունքով, կարևորն այստեղ արդար բաշխման և սեփականության իրավունքի այլասերված ընկալումն է:

Եվ այսպես.
1. Խոշոր սեփականությունն իրավունք ունի պատկանել անհատին և իրավունք ունի պաշտպանված լինելու: Ողղակի նույնիսկ եթե չքննարկենք այն հարցը, թե ինչպես է այդ սեփականությունը գոյանում Հայաստանում, ապա պիտի անպայմանորեն քննարկենք, թե որ մեխանիզմով է այն պաշտպանվելու: Եթե պետությունը գարանտ է կանգնում սեփականության պաշտպանությանը, ապա ենթադրվում է, որ այդ երաշխիքը տարածվում է ԲՈԼՈՐԻ սեփականության վրա: Եվ հենց այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը.
2. Հարուստ քաղաքացին ոչ հարուստ պետության մեջ վկայում է կամ սեփականության առաջացման մեխանիզմների մեղմ ասած անկատարության մասին, կամ պետության ու սեփականության չկայացած կապի մասին: Քանզի մի տարրական բան ակնհայտ է՝ եթե սեփականությունը պաշտպանված է, բազմապատակվում է, աճում է հարուստ քաղաքացիների թիվը և նաև պետության ընդհանուր բարեկեցությունը:
Ընդհանրապես, հարստության կենտրոնացումը մի քանի տասնյակ մարդկանց ձեռքերում դարձել է լիբերալ Ամերիկայի մղձավանջը, սակայն այս պարագայում մարդիկ շատ ճիշտ են ձևակերպում իրենց պահանջը՝ նրանք պահանջում են իրենց վերադարձնել հարստանալու իրենց հնարավորությունն ու իրավունքը: Ու այստեղ մենք ընդհուպ մոտենում ենք արդար բաշխման իրական դեմքին.
3. Պետության գերակա խնդիրն է հավասար հնարավորություններ տրամադրել բոլորին, այսինքն իրականացնել հարստացման հնարավորությունների արդար բաշխումը: Մենաշնորհային տնտեսավարման հետեւանքով առաջացող սեփականությունն ազատ շուկայի և սեփականության իրավունքի հետ մտնում է արմատական հակասության մեջ: Նույնիսկ պետական մենաշնորհները շատ դեպքերում վիճահարույց են, իսկ անձերի դեպքում տնտեսական ցանկացած մենաշնորհ, հնարավորության ցանկացած նվազեցում արդեն մարդկային կյանքի լիարժեքության լուրջ սահմանափակում է:
Հասարակությունն ամենուրեք պայքարում է արդար բաշխման համար, թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում, թե Հայաստանում: Ինչ որ մեկից ինչ որ բան խլելու թեզն արդեն ակտուալ չէ, քանզի բռնի սեփականազրկումն անվերջանալի շղթա է, որտեղ փոխվում են միայն գործող անձինք: Սակայն սեփականության իրավունքը պատկանում է անխտիր բոլորին, քանի որ սեփականություն տնօրինելու ցանկության հատկանիշն այն կարևոր հատկանիշներից մեկն է, որ տարբերում է կենդանուն և մարդուն, հիշողության կամ գիտակցության պես:
Ինչպե՞ս կվարվեիք, եթե ինչ-որ մեկը փորձեր խլել ձեր հիշողությունը կամ գիտակցությունը…
Անուշ Սեդրակյան

No comments: