Thursday, December 22, 2011

Մնացել է արդյոք Կոնգրեսին ռեսուրս

«Լրագիր» 21-12-2011- Ինչու Հայաստանի բողոքական շարժումները, որ սկսվեցին 2008 թվականին՝ արաբական գարնանից շատ առաջ, չհանգեցրին իշխանափոխության եւ ժողովրդավարության հաստատման: Այդ հարցը շատերն են իրենք իրենց տալիս անցած չորս տարվա ընթացքում:
Որպես հիմնական պատճառ, թե իշխանությունը, թե ընդդիմությունը նշում են «առողջ դատողության» առկայությունը եւ երկրում իրավիճակը չապակայունացնելու ընդհանուր ցանկությունը:
Բացի այդ, որպես պատճառ նշվում է Հայ ազգային կոնգրեսի արգելակող դերը, որը գլխավորեց ժողովրդական բողոքները եւ փորձեց դրանք տանել քաղաքական հունով:
Կոնգրեսն այսօր էլ որպես իր գլխավոր կռվան նշում է մոբիլիզացիոն ռեսուրսի եւ ժողովրդական ճնշման մասին: Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, որ հաջորդ տարի Կոնգրեսը կրկին մտադիր է օգտագործել ժողովրդական ճնշումն իշխանության վրա: Երեւի թե նա այդ մասին հայտարարեց չկասկածելով, որ Կոնգրեսը դեռեւս ի զորու է ուղղորդել այդ ճնշումը:
Սակայն, չնայած ՀԱԿ լավատեսական հայտարարություններն այն մասին, որ անցնող տարում ժողովրդական ճնշման շնորհիվ շատ բաներ է հաջողել՝ քաղբանտարկյալների ազատություն, հավաքների ազատության իրավունքի վերականգնում, ակնհայտ է, որ անցնող տարվա ընթացքում նկատելիորեն նվազել է Կոնգրեսի մոբիլիզացիոն ռեսուրսը: Աշնանային շուրջօրյա հանրահավաքները նշմարելի ազդեցություն չթողեցին քաղաքական իրավիճակի վրա եւ աչքի չընկան ժողովրդական ճնշման էսկալացիայով: Դրա նվազման մասին է վկայում եւ այն, որ Կոնգրեսը չկարողացավ հասնել արտահերթ ընտրությունների, էլ չասած իշխանափոխության մասին:
Երեւի թե, դա պայմանավորված է նրանով, որ Կոնգրեսը փորձեց մանիպուլյացիայի ենթարկել «ժողովրդական պոտենցիալը» եւ օգտագործել այն ոչ թե նախանշված նպատակների, այլ ուրիշ խնդիրների համար: Ասենք, Պետրոս Մակեյանը այսօր հայտարարել է, որ համաձայնելով իշխանության հետ երկխոսության, Կոնգրեսը, փաստացի, օգնեց իշխող ռեժիմին խուսափել «արաբական սինդրոմից» եւ երկարաձգել իշխանությունը:
WikiLeaks-ը հրապարակեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի գաղտնի նամակը, թվագրված 2008 թվականի սեպտեմբերի 8-ին, որում ասվում է այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանին առաջարկել է գործարք, Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությունը կանխելու նպատակով: Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսի անունից պատրաստակամություն է հայտնել հրաժարվել փողոցային ակցիաներից եւ այլ գործողություններից, եթե Սարգսյանը մի քանի շաբաթվա ընթացքում ազատ արձակեր ընդդիմության 75 կողմնակիցների, որոնք մարտյան իրադարձություններից հետո հայտնվել էին բանտում:
Դա էլ հենց ժողովրդական պոտենցիալի մանիպուլյացիան է, երբ մարդկանց հանրահավաքում ասում ես մի բան, իսկ գործնականում օգտագործում ես այդ պոտենցիալը այլ նպատակներով, թեկուզ բարի:
Միով բանիվ, Կոնգրեսը «բարեհաջող» չեզոքացրեց բողոքական պոտենցիալը երկրում: Եվ այժմ այն չի հանդիսանում լուրջ քաղաքական գործոն: Արդյոք դա Կոնգրեսի առաջնորդների մեղքով էր, որոնք չհասկացան, որ «ժողովրդական ռեսուրսը» պահանջում է նպատակների բացություն եւ անկեղծություն, թե բողոքական ռեսուրսը գործի դնել թույլ չտվեցին արտաքին ուժերը, սակայն ակնհայտ է, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի ժողովրդական ռեսուրսը ավելի դժվար է մանիպուլյացիայի ենթարկել:
Նրան պետք է առաջարկել կոնկրետ եւ բաց նպատակներ, այլապես ռեսուրսը ուղղակի կշրջվի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: