Wednesday, December 7, 2011

Երևանը պաշտպանում է Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրված Լավրովի կոչերը. ԱԳՆ

Tert.am. 6-12-2011- Պաշտոնական Երևանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրված Մոսկվայի կոչերը։ Այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Կարելի է միայն պաշտպանել ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ կողմերին հասցեագրած կոչը»,–ասել է Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարի ելույթը։
«Կարելի է միայն պաշտպանել կոչը, օգտվել վերջին երկու տարիների ընթացքում նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքում մշակված առաջարակներից, որոնք նաև ստացան Օբամայի և Սարկոզիի աջակցությունը»,–ասել է Նալբանդյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ելույթ էր ունեցել նաև Սերգեյ Լավրովը և նշել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը շարունակվում է բավական ինտենսիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո։ «Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտվել այն առաջարկներից, որոնք մշակվել էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից կազմակերպված հանդիպումների ժամանակ, և որոնք այս տարվա մայիսին Դովիլում (Ֆրանսիա) պաշտպանվեցին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությամբ»,–ասել է Լավրովը։
2011 թ. մայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որում երեք երկրների նախագահները, մասնավորապես, վերահաստատեցին միայն բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել «քաղաքական կամք ցուցաբերել և ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

No comments: