Panorama.am. 23-12-2011- Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Ազգային ժողովում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Այս մաիսյն հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:Ողջունելով ԻԻՀ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակությանը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիներից ի վեր Իրանի հետ բարեկամական հարաբերությունները մշտապես գտնվել են զարգացման մեջ: Երկու երկրների միջև իրագործվել են մի շարք արդյունավետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով, ակնկալվում է, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, նույնպես հաջողությամբ կիրագործվեն: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվել է էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում նախագծերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԻԻՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա հարաբերություններն ու համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները կաջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ ստորագրված է միջխորհրդարանական համագործակցության հուշագիր, տեղի են ունեցել խորհրդարանների նախագահների փոխայցելություններ և հանդիպումներ: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ հանդիպումներն ու զարգացնել համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլև միջպետական հարաբերություններին և հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրար և ծանոթանալ միմյանց տեսակետներին: Ս.Նիկոյանը նշել է, որ տարիներ առաջ պատգամավորական բարեկամության խմբի կազմում այցելել է ԻԻՀ և տպավորիչ հիշողություններ ունի ցուցաբերված ջերմ ընդունելությունից:
ԻԻՀ նախագահն անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի ժողովրդի ավանդական ջերմ վերաբերմունքը հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ և նշել, որ նրանք բարեկամության կամուրջ են երկու երկրների և ժողովուրդների միջև:
Հանդիպման վերջում Իրանի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment