Saturday, December 24, 2011

Ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի եւ Իրանի միջեւ քարտեզը փոփոխի. Ահմադինեժադ

Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին երեկ դեկտեմբերի 23-ին, Երեւանում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Մեր երկու երկրների հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են: Պատմության ընթացքում մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ եւ այսօր դրանք պահպանվում են: Հատկապես Հայաստանի անկախացումից ի վեր այդ հարաբերություններն ամեն օր ընդլայնվել են եւ այսօր էլ շարունակում են ընդլայնվել: Բացի այն, որ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, որոնք շատ մեծ ու կարեւոր գործոն են, մենք նույն մշակույթի կրողներն ենք: Արդարությունը, մարդկայնությունը, բարեկամությունն այն արժեքներն են, որ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ գոյություն ունեն: Երկու ժողովուրդների ավանդույթները եւ սովորույթներն իրենց հերթին ցույց են տալիս փոխադարձ մտերմությունը: Մենք` երկու կողմերն էլ, բարեկամությունն ընդլայնելու կողմնակիցներն ենք եւ անհանգստացած ենք օտար ներխուժումից տարածաշրջան: Մենք, բարեբախտաբար, այսօր հարաբերությունների ընդլայնման ականատեսն ենք: Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար:

Պարոն նախագահի հետ շատ լավ բանակցություններ ունեցանք: Ես ասացի, որ ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի եւ Իրանի միջեւ քարտեզը փոփոխի: Մենք հարեւան եւ բարեկամ ենք եւ պետք է միմյանց հետ կողք-կողքի ապրենք ու մեր աշխատանքներն առաջ տանենք: Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք: Տարբեր նախագծերի հետ կապված շատ լավ քննարկումներ, բանակցություններ ունեցանք՝ Արաքսի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ: Ինչպես նաեւ ուսումնասիրեցինք, թե ինչ կարելի է անել առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ հող նախապատրաստելու համար եւ համադրելու այն բոլոր մաքսային եւ այլ լրացուցիչ աշխատանքները, որպեսզի աճեն առեւտրաշրջանառության ծավալները: Անդրադարձանք նաեւ տարածաշրջանային մի քանի այլ խնդիրների: Բարեբախտաբար, մեր տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են եւ նման: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ծրագրերի իրագործման նպատակով երկու երկրների համապատասխան պաշտոնատար անձանց միջեւ հնարավորինս արագ հանդիպումներ կազմակերպվեն»:

No comments: