Tert.am. 19-12-2011- Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit) հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2011» զեկույցը: Զեկույցում ներառված 167 երկրների շարքում Հայաստանն այս տարի 111-րդ հորիոզնականն է զբաղեցնում։The Economist Intelligence Unit–ը ժողովրդավարական ինդեքսը կազմելիս հաշվի է առել ժողովրդավարության 5 հիմնական ցուցիչների՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքացիական ազատություններ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ, «մակարդակն» այս կամ այն երկրում։
Զեկույցը կազմվում է փորձագետների գնահատականների և համապատասխան երկրներում անցկացված սոցհարցումների հիման վրա։
167 երկրները դասակարգվել են ըստ չորս խմբի՝ լիարժեք ժողովրդավարության երկրներ, ոչ լիարժեք կամ փխրուն ժողովրդավարության երկրներ, «հիբրիդ» ռեժիմի երկրներ, ավտորիտար ռեժիմի երկրներ:
Լիարժեք ժողովրդավարության երկրների խմբին այս տարի, ընդհանուր առմամբ, 25 երկիր է դասվել, 53 երկիր՝ ոչ լիարժեք երկրների, 37 երկիր՝ հիբրիդ ռեժիմի երկրների, ևս 52 երկիր էլ ավտորիտար ռեժիմի երկրների խմբին։
Այս տարի աշխարհի ամենաժողովրդավար երկիր է ճանաչվել Նորվեգիան։ Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Իսլանդիան,Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները։ Վերջին՝ 167–րդ հորիզոնականը, զբաղեցնում է Հյուսիսային Կորեան։
Ցուցակում Հայաստանը համալրել է հիբրիդ ռեժիմի երկրների շարքը, որոնք սկսվում են 79–րդ հորիզոնականից (սկսվում է Ուկրաինայից)։
Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում 10 միավորանոց համակարգում (10 միավորը ցույց է տալիս բարձրագույն դրական արդյունքը, 0 միավորը՝ ցածրագույնը) 4,09 միավոր է գնահատվել, ընտրական գործընթացի և բազմակարծության մակարդակը՝ 4,33 միավոր, կառավարության գործունեության մակարդակը՝ 3,21 միավոր, քաղաքական մասնակցության մակարդակը (մի շարք ցուցանիշներ են այստեղ հաշվի առնվել՝ մարդկանց մասնակցության աստիճանը ընտրություններին, կանանց ներգրավվածությունը խորհրդարանում, քաղաքացիների` ազատ կերպով ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը) 3, 89 միավոր, քաղաքական մշակույթի մակարդակը՝ 3,13 և քաղաքացիական ազատությունների մակարդակը 5,88 միավոր։
Նշենք, որ 2010թ. Հայաստանը 109–րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ևս դասվել է «հիբրիդային ռեժիմի» երկրների շարքը՝ զբաղեցնելով 102–րդ հորիզոնականը (4, 74 միավոր)։
Ադրբեջանը ( 3,15 միավոր) դասվել է ավտորիտար ռեժիմի երկրների շարքը և զբաղեցրել 140–րդ հորիզոնականը, Թուրքիան 88–րդ հորիզոնականն է զբաղեցրել (5,73 միավոր, հիբրիդային ռեժիմի երկիր), Իրանը՝ 1.98 միավորով 159–րդ հորիզոնականը և դասվել ավտորիտար ռեժիմի երկրների շարքը։
Ռուսաստանը դասվել է ավտորիտար ռեժիմի շարքը և զբաղեցրել 117–րդ (3,92 միավորով) հորիզոնականը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment