Tuesday, December 20, 2011

Այս ամբողջ պատմության մեջ ամենամեծ պարտությունը կկրի Հայաստանի ժողովուրդը. Washington Post

1in.am. 20-12-2011- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, Washington Post ամերիկյան օրաթերթի հեղինակ Ֆրեդ Հայեթն «Երբ հատուկ շահերն արգելափակում են պետական շահը» խմբագրական իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախագահի կողմից նշանակված դեսպան Մեթյու Բրայազայի վերանշանակման խնդրին, որը, ըստ հեղինակի, «կարող է մոտ մեկ ամսից վերադառնալ տուն»:
Ըստ հեղինակի, «հանրության աչքից հեռու և նույնիսկ առանց հանձնաժողովի քվեարկության Մեթյու Բրայզայի նշանակումը ևս մեկ օրինակ է, թե ինչպես ԱՄՆ-ի պետական շահերը դառնում են հատուկ շահերի միջև մանևրման և քաղաքական պահանջներին հարմարվելու զոհը»:

Հոդվածում հեղինակը գրում է, որ Հայաստանը, որը պետք է դառնար հետխորհրդային ժամանակաշրջանի «հաջողության պատմություններից» մեկը, 20 տարվա ընթացքում դարձել է թույլ տնտեսություն և ձևականորեն ժողովրդավարական կառավարություն ունեցող պետություն:

Ըստ Հայեթի, դրա պատճառներից մեկը եղել է այն, որ Հայաստանին չի հաջողվել լուծել իր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած վեճերը:

«Խաղաղության հաստատման ձախողման պատճառներից մեկը», – գրում է Washington Post-ը, – «եղել են Սփյուռքի կազմակերպությունները, որոնք, հեռավորությունից, կարող են իրենց թույլ տալ շարունակելու երկարատև վեճը»:

«Այս առումով եռանդուն և ժամանակ առ ժամանակ անարդյունավետ համայնքի առումով [Հայաստանը] միակը չե՝ կան նաև Կուբայի, Իսրայելի կամ Լատվիայի օրինակները, սակայն այն հատկապես թուլացնում է ռեսուրսներով աղքատ Հայաստանը», – գրում է Washington Post-ի հեղինակը:

Հայեթը նշում է, որ իր գործունեության ընթացքում Բրայզան առաջ է քաշել երկխոսությունն Ադրբեջանի վարչակարգի և քաղաքացիական հասարակության միջև, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: «Եթե Ադրբեջանը տեսնի, որ հայկական լոբբին և 100 սենատորներից երկուսն ունեն վետո դնելու հնարավորություն, ապա վարչակարգը դժվար թե հավատա հաջորդ դեսպանի անաչառությանը», – գրում է հեղինակը:

«Այս ամբողջ պատմության մեջ ամենամեծ պարտությունը կկրեն ոչ թե ամերիկացիները կամ ադրբեջանցիները, որոնց տարեկան եկամուտը մեկ մարդու հաշվով, ի միջի այլոց, երկու անգամ բարձր է Հայաստանի նույն ցուցանիշից, այլ Հայաստանի ժողովուրդը՝ աղքատ, մեկուսացված և կրկին անգամ զոհ գնացող իրենց բարեկեցության հետ որևէ առնչություն չունեցող ուժերի բախման հետ», – գրում է Washington Post-ի հեղինակ Ֆրեդ Հայեթը:

No comments: