Sunday, January 29, 2012

1915 թ. ցեղասպանությունը եւ Ռուսաստանը

Ռուսաստանը մեծ տերություններից առաջինն է, որ Պետդումայի մակարդակով ճանաչել է 1915թ հայոց ցեղասպանությունը, ինչը կարեւոր գործոն էր ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին միջազգային լեգիտիմության հաղորդելու համար: Ռուսական հանրությունը, ներառյալ տարբեր ազգությունների քաղաքական գործիչները եւ մտավորականները, լիակատար հավանությամբ եւ ըմբռնումով են ընդունել ցեղասպանության ճանաչումը, չնայած, որ նախկին ԽՍՀՄ պետություններից ոչ մեկը չի ճանաչել այն (ինչն, ի դեպ, խոսում է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության թեզերի կեղծ լինելու մասին): Միեւնույն ժամանակ, ռուսական քաղաքական վերնախավը, ավելի ճիշտ, իշխող վերնախավը զուսպ է վերաբերվել հետագայում այլ պետությունների կողմից ցեղասպանության ճանաչման գնահատականներին, եւ կասկած, փաստացի, ափսոսանք է հայտնել հենց Ռուսաստանի կողմից ցեղասպանության ճանաչման փաստի կապակցությամբ: Ներկայում, երբ Ֆրանսիան այդքան խիզախ եւ սկզբունքային որոշում է ընդունել, Ռուսաստանը ԱՄՆ պես, փաստացի, կասկածի տակ է դրել այդ որոշումը՝ հասկացնել տալով, որ այդ որոշմանը բացասաբար է վերաբերվում: Այո, սակայն եթե ԱՄՆ-ն, դրանով հանդերձ, Թուրքիային իր վերահսկողության տակ վերադարձնելու ռազմավարական խնդիր ունի, ապա Ռուսաստանը ոչ միայն նման հույսեր չունի, այլ նաեւ ստիպված է հետեւել, ինչպես եւ նախկինում, Թուրքիայի անշրջելի վերադարձին դեպի ամերիկյան շահերի շրջանակներ: Ռուսաստանի հայկական հանրությունը ջանքեր է գործադրում Ռուսաստանի կողմից 1915թ ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնությունների ծավալման ուղղությամբ: Այդ նախաձեռնությանն արդեն աջակցություն են հայտնել բազմաթիվ տեղական տարբեր էթնիկ եւ սոցիալական պատկանելության հասարակական կազմակերպություններ: Իհարկե, դա միայն հասարակական, այլ ոչ թե քաղաքական նախաձեռնություն է: Սակայն միամիտ տրամադրությունների ժամանակները պետք է անցնեն, եւ Ռուսաստանի հայերը պետք է իրենց քաղաքական շահերը ցույց տան, որոնք, միեւնույն է, համընկնում են Ռուսաստանի ռազմավարական շահերի հետ: Դա առավել երկարաժամկետ խնդիր է եւ ոչ մի կերպ չի մտնում Ռուսաստանի հայ հանրության տվյալ նախաձեռնության ժամանակի եւ խնդիրների մեջ: Սակայն արդեն այժմ, անհրաժեշտ է քաղաքական գործընթացի մեջ մտել: Ընդ որում, հայ ընտրողները, Ռուսաստանի հայերի շահերը հասարակությանը եւ քաղաքական դասին ցուցադրելու տեսանկյունից ելնելով, պետք է ձայն տան ոչ թե Պուտինին, այլ Վ. Ժիրինովսկուն: Ռուսաստանի հայերի համար նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է որոշակի քարոզչություն եւ խնդրի ընկալում, որը կապված է ոչ տվյալ պահի հարցերի հետ: Նման աշխատանքի համար բարենպաստ իրավիճակ է ի հայտ եկել, երբ Ռուսաստանում ձեւականորեն գոյություն ունեցող հայկական հասարակական կազմակերպությունները վերջնականապես վարկաբեկված են եւ շուտով կհեռանան ասպարեզից: Նոր կազմակերպություններ, նոր մարդիկ եւ գլխավորը, նոր կազմակերպվածություն է երեւան եկել: Ռուսաստանի էթնիկ հանրույթներից հայերը մշտապես համարվել են առավել «վտանգավորները» իշխանության շահի համար: Ներկայում այնպիսի էթնիկ ընդհանրություն, ինչպիսին հրեաներն են, լիովին ինտեգրված է պրոռուսական դաշինքին եւ սերտորեն համագործակցում է իշխանության հետ: Նման խնդիր այլեւս չկա, կամ էլ դեռ չկա: Իսլամ դավանող էթնոսները այլ կատեգորիայի խնդիր են: Նրանց համար իշխանությունն արդեն մեթոդներ եւ մոտեցումն էր մշակել խնդիրների կարգավորման եւ չեզոքացման համար: Հայերը վերահսկողության տակ էին պահվում հայկական հասարակական կազմակերպությունների օգնությամբ, որոնք, փաստացի, ժամանակին ոչնչացրել են նախաձեռնություններն ու առաջարկությունները, ըստ էության, դառնալով Հայաստանում Ռուսաստանի շահերի լոբբինգ անող խմբեր: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել նման իրավիճակը: Միայն քաղաքական գործունեությամբ: Իգոր Մուրադյան

No comments: