Sunday, January 29, 2012

Ռուսների վրա հույս դնել չի կարելի. ազատամարտիկ

HayNews.am. 28-1-2012- «Ներկայիս բանակի հետախուզության և հատուկ պատրաստվածության ջոկատների վիճակը վատ չի, սակայն կուզեի, որ տասն անգամ ավելի լավը լիներ»,-ասել է հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը` նկատելով. «Համեմատած խորհրդային բանակի հետ, հայկական բանակը հրաշալի վիճակում է»: Վարդանովի կարծիքով` բանակի հիմքում պետք է լինի մարդը. «Մարդուն պատրաստելու համար մեծ գումար պետք չի գլխավորը մարդկային որակներն են, իսկ հայ մարդը հրաշալի որակներ ունի»: Իր հերթին «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ Մկրտիչ Տոնոյանը նշել է. «Ես չէի ուզի ասել, որ մենք ունենք մեր երազած բանակը, ես կուզեի, որ մենք ունանք մարդ, որը կգնա բանակ` ցանկություն ունենալով զենք բռնելու, այսինքն` մշտապես մարտական ոգին պետք է բարձրացնել: Այս խնդիրն ունեն բոլոր երկրների բանակները: Բանակը մի երեխա է, որին մեծացնելու, դաստիարակելու ընթացքում պետք է անընդհատ ասել, որ նա շատ լավն է»: Վլադիմիր Վարդանովն էլ հավելեց. «Մեր բանակի թերությունն այն է, որ այն, ինչպես կրթությունը, կառուցվում է Բոլոնյան համակարգի հիման վրա: Մենք վերցրել ենք ռուսական բանակի սխեման և փորձում ենք այն հայացնել, սակայն դրա փոխարեն կարող ենք ստեղծել մերը: Չի կարելի հույսը դնել մեզ այդքան շատ «նվիրված եղբայր» ռուսի վրա, որն այնքան է մեզ «նվիրված», որ թուրքին միշտ ավելի լավ է զինում, քան մեզ»:

No comments: