Tert.am. 27-1-2012- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքի իր էջում առաջ է քաշում այլընտրանքային իշխանություն ստեղծելու՝ «Սարդարապատի» հայտնի թեզիսը՝ համեմատելով այդ իշխանությունը 1988-1990թթ. Հայաստանում ստեղծված ժողովրդի իշխանության հետ։ Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
Ժողովուրդը չի հավատում ընտրություններին, մինչդեռ բոլոր կուսակցությունները պատրաստվում են մասնակցել այդ բեմադրությանը: «Սարդարապատը» ոչ միայն չի գնալու այս կեղծ «ընտրություններին», այլ առաջարկում է անցնել ժողովրդական, այլընտրանքային իշխանության ստեղծմանը` ինչպես արվեց 1988-1990թթ.։
Հենց այդ այլընտրանքային, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության շնորհիվ մենք դիմացանք երկրաշարժին ու շրջափակմանը, հաղթեցինք պատերազմում: Այդ իշխանությունը իրականացնում էր ամբողջ մի խումբ, որը հաշվետու էր ազգին ու վերահսկվում էր ազգի կողմից:
Անձի պաշտամունքը սկսվեց հետո ու բերեց մեզ կործանման եզրին, բերեց ավտորիտարիզմ ու այսօրվա բռնապետությունը: Երիտասարդները դա կարող են չհիշել, բայց մեր սերունդը մի՞թե մոռացել է:
«Սարդարապատը» հիշեցնում է ու հորդորում ոչ թե բոյկոտել «չընտրությունները», թախտին նստած, այլ մեր իսկ պատմական փորձից ելնելով` իշխանազրկել կեղեքիչներին ու զավթիչներին, վերադարձնելով իշխանությունը ժողովրդին, ստեղծելով այլընտրանքային խորհրդարան ու կառավարություն: Առա՛ջ, դեպի 1988։
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment