Thursday, January 5, 2012

2005-2010 թթ. տարածաշրջանում ամենաշատ զենքը գնել է Վրաստանը, ապա՝ Հայաստանը

Tert.am. 4-1-2012- ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեեստրի համաձայն` Հարավային Կովկասի երկրները 2005-2010 թթ. 107 324 միավոր տարբեր տեսակի հրաձգային զենք են գնել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հաշվետու ժամանակահատվածում տարածաշրջանի երկրներից ամենից շատ զենք ձեռք է բերել Վրաստանը: Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնական Թբիլիսին 7 երկրից 76 377 միավոր տարբեր տեսակի հրաձգային զենք է գնել. հիմնականում ինքնաձիգ, ատճրանակ, կարաբին, ձեռքի գնդացիր, ծանր գնդացիր, նռնականետ և այլն:
Վրաստանն ամենից շատ զենք գնել է Ուկրաինայից և Բուլղարիայից (ապա նաև ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Չեխիայից, Ռումինիայից և Թուրքիայից):
Վրաստանից հետո տարածաշրջանում առավել մեծ քանակությամբ զենք Հայաստանն է գնել: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստաը 20 967 միավոր տարբեր տեսակի հրաձգային զենք է ձեռք բերել՝ մեծամասամբ Ռուսաստանից, Ուկրաինայից:
Կայքը ընդգծում է, որ Հայաստանը Սերբիայից Black Arrow տեսակի 250 ինքնաձիգ է գնել, Ռուսաստանից` АК-105 տեսակի 480 ինքնաձիգ և 52 միավոր СВ-98 տեսակի դիպուկահարի հրացան:
Իսկ ահա Ադրբեջանը հաշվետու ժամանակահատվածում 8862 միավոր հրաձգային զենք է ձեռք բերել` հիմնականում Թուրքիայից և Ուկրաինայից:
2005-2010 թթ. հարավկովկասյան երկրներին ամենաշատ քանակության զենք վաճառել է Ուկրաինան (85 288 միավոր, կամ վաճառքի ընդհանուր ծավալի 79,4%-ը): Ուկրաինային հաջորդում են Բուլղարիան (12 357 միավոր, կամ 11,5%), ԱՄՆ-ն (5020 միավոր՝ կամ 4,6%), Ռուսաստանը (1276 միավոր, կամ 1,1%) և Թուրքիան (1160 միավոր, կամ 1%):

No comments: