Tert.am. 1-1-2012- Հայոց ցեղասպանության հարցը և կիպրական հիմնախնդիրը 2012թ. գերակշռելու են Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում: Ինչպես հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, այս մասին թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում գրել է թուրք հայտնի հրապարակախոս Մեմեթ Ալի Բիրանդը՝ ներկայացնելով Թուրքիայում առաջիկա քաղաքական գործընթացների վերաբերյալ իր կանխատեսումները:«Հայերը բավական հաջող առաջ են գնում այդ հարցի առնչությամբ: Ֆրանսիայի Սենատը կհետևի Ազգային ժողովի քայլերին և կընդունի օրինագիծը (նկատի ունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը),-ասել է Բիրանդը և հավելել,- ընդհուպ մինչև 2015թ. այդ հարցն աջակցություն է ստանալու այլ երկրներում ևս:
Անդրադառնալով կիպրական հարցին՝ հրապարակախոսը նշել է, որ ոչ թուրքերը և ոչ էլ կիպրացի հույները պատրաստ չեն համարձակ քայլեր ձեռնարկել՝ հարցի հանգուցալուծմանը հասնելու համար (Թուրքիան չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը։ 1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն):
Բիրանդը հավելել է, որ Թուրքիան ստիպված է լինելու «վերադիրքավորվել» տարածաշրջանում և, ամենայն հավանականությամբ, հանդես է գալու ոչ թե օրինակելիի, կամ առաջնորդի դերում, այլև՝ «սեփական փորձով կիսվող ընկերոջ» կարգավիճակում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment