Tuesday, January 3, 2012

Եվգենի Սատանովսկի. 2012թ. «արաբական գարունը» կշարունակի ծաղկել, իսկ Իրանին կհարվածեն

News.am. 2-1-2012- 2011 թվականի ամենանշանակալի իրադարձությունը այսպես կոչված «արաբական գարունն» էր Մերձավոր Արեւելքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին` ամփոփելով անցնող տարվա արդյունքները: Փորձագետը նշել է, թե 1914 եւ 1945 թվականներին աշխարհում նման բաներ եղել են, եւ այդ իրադարձություններն ազդել են ողջ մոլորակի վրա:
«Այսօր բարդ է ասել, թե ինչով այդ ամենը կավարտվի: Երբ անցած դարի 17-18-ական թվականներին սկսեցին կործանվել արքայատոհմերը, այդ գործընթավը ձգվեց 3 սերունդ: Սկզբի եւ վերջի միջեւ սովորաբար տասնամյակներ են: Կանխատեսելն անիմաստ է, քանի որ եթե 1914թ. հունիսին ինչ-որ մեկը փորձեր կանխատեսել 30-ական թվականները, դա նրա մոտ չէր ստացվի»,- նշել է Սատանովսկին:
Նրա խոսքով, այսօր հստակ է մեկ բան, «արաբական գարունների» աշխարհագրությունն ընդլայնվելու է` նորանոր երկրներ գրավելով: «Խոսքը գնում է Ատլանտիկայից Հինդուստան, Մարոկկոյից, Մավրիտանիայից մինչեւ Պակիստան, Հարավ-արեւելյան Ասիա տարածքի մասին: Այն կառնչվի նաեւ Կենտրոնական Ասիային»,- ասել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրենը: Որպես օրինաի Սատանովսկին բերել է Եմենը, որտեղ «իսկական քաղաքացիական պատերազմ» է ընթանում: Եթե դա դուրս գա երկրի սահմաններից, կկործանի ողջ Արաբակն թերակղզին:
«Ոչ մի երկիր անմասն չի մնա, թերեւս միայն Պապուա-Նոր Գվինեան: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին աշխարհում սոցիալիստական պայթյուն է եղել»,- նշել է փորձագետը` ենթադրելով, որ այսօր մենք ականատեսն ենք իսլամական վերածննդի. «Իսլամն արդեն դադարել է կրոն լինելուց: Դա քաղաքական նախագիծ է: Այստեղ նաեւ ուղղություններ կան` շիաներ, սուննիներ»,- նշել է փորձագետը:
Խոսելով Հարավյին կովկասի երկրների` մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, Սատանովսկին նկատել է, թե «արաբական գարունը» նրանց կդիպչի անուղղակի կերպով: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրան չի հաջողվի ներքաշելայդ գործընթացների մեջ: Բաքվում հրաշալի հասկանում են, որ Թուրքիան եւ Իրանը ձգտում են ներքաշել իրենց ուղեծրի մեջ, ուստի ողջամիտ կլինի հեռանալ Անկարայից եւ Թեհրանից: Հայաստանի համար այդ իմաստով բարդ է` Մերձավոր Արեւելքի երկրներում հայկական մեծ համայնքի գոյության պատճառով»,- նշել է փորձագետը` հավելելով, որ եթե Սիրիայում, Լիբանանում, Իրաքում խռովություններ սկսվեն, քրիստոնեական համայնքների համար բարդ կլինի:
«Ողջ մերձավորարեւելյան հայկական սփյուռքը հարվածի տակ է: Մերձավոր Արեւելքում իշխանության են գալիս արմատական իսլամիստները: Սաուդյան Արաբիայից եկող նոր խալիֆայության գաղափարը չի ենթադրում քրիստոնյաների գոյություն: Լավագույն դեպքում միջնադարյան բարքեր, ջիզիա (գլխահարկ` դրված այլադավանների վրա)»,- ասել է փորձագետը` ընդգծելով, որ ադրբեջանցիների վիճակն ավելի լավ է այդ իմաստով:
Խոսելով Իրանի մասին, Եվգենի Սատանովսկին ասել է, թե այդ երկրին անխուսափելի կրոնական պատերազմ է սպառնում: «Հավանաբար դա տեղի կունենա հենց 2012թ.: Այսօր Իրանին մեկ տարի է բաժանում ատոմային ռումբից եւ դա տեսնում են բոլորը` առաջին հերթին Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի երկրները: Նրանք կփորձենբախում հրահրել Իրանի եւ Իսրայելի, ԱՄՆ-ի միջեւ»,- ասել է Սատանովսկին:

No comments: