
HayNews.am. 21-1-2012- Հունվարի 20-ին Երեւանում` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 37-ամյակին:
Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո բացման խոսքով հանդես եկավ «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ, Բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Աշճյանը:
Այնուհետեւ հնչեցին բանաստեղծական հետեւյալ տողերը
Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն արդեն անտանելի է...
Պետք էր, շատ էր պետք ինչ - որ բան անել,
Սակայն ի՞նչ անել եւ ինչպե՞ս, ինչպե՞ս…
Ապա բոլոր ժամանակներում ազգի անկախության, ազատության, արժանապատվության հաստատման ու պահպանման զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակին հայտարարվեց` Լռության րոպե:
Բանաստեղծական խոսքը շարունակվեց:
-Երանի նրանց, որ մութ բանտերում
Եւ չարչարանքում դժնի, որպես մահ
Մաշեցին այնքան օրեր հրահրուն
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ:
Երանի նրանց, որ սիրով հեռուն
Մնացին տոկուն, հպարտ ու անահ
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն
Արհամարհեցին եւ’ երկունք, եւ’ մահ,
Երանի նրանց եւ’ փառք, եւ’ օրհնանք:
Այնուհետեւ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Գուրգեն Յանիկյանի խոսքով համեմված տեսագրությանը:
ԱՍԱԼԱ-ի պատմությունը համառոտ ներկայացրեց «Երկաթե շերեփ», «Սփյուռք» պարբերականների խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազճյանը: :
ԱՍԱԼԱ-ի դերը հայ իրականության մեջ ներկայացրեց Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականության պետական թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
ԱՍԱԼԱ-ի հիմադրման 37-ամյակի կապակցությամբ իր սրտի խոսքն ասեց գրականագետ, հրապարակախոս, «Հայերի դատը Փարիզում» գրքի թարգմանիչ եւ կազմող Գրիգոր Ջանիկյանը:
Այնուհետեւ ներկայացվեց եւս մեկ տեսաերիզ - ԱՍԱԼԱ
Պատմական, գրական ու գիտական խոսքն այնուհետեւ հավելվեց մշակութային խոսքով:
Ելույթ ունեցան հեղինակային երգի վարպետ Վարուժան Աղաջանյանը, սիրված երգիչ Գրիգոր Համբարյանը, ապա նրանք միասին կատարեցին իրենց մտերիմ ընկերոջ` Գուսան Հայկազունի, ռազմահայրենասիրական երգերից:
Ապա բեմ բարձրացավ աշուղ, պետական բազմաթիվ պարգեւների դափնեկիր աշուղ Ռազմար Սասունցին, ում երգերի հնչյունների ներքո դահլիճում ներկա երիտասարդներն ինքնաբուխ բռնեցին հայկական ոգեշունչ «Քոչարին», որը շարունակվեց նաեւ ներկայացված բանաստեղծությունից…
Մենք ծնվել ենք, աշխարհ եկել
Ոչ թե թվալ-երեւալու խաբեությամբ,
Այլ լինելու,
Այն լինելու, ինչ կանք իրոք:
Մենք ծնվել ենք, որ մարդկության
Հազար ու մի ինչո՞ւներից գոնե մեկի
Հարցապնդող աչքում մեխենք,
Մեր գոնե մեկ պատասխանը:
…եւ այն բանից հետո, երբ բեմ հրավիրվեցին`
Ալեք Ենիգոմշյանը - ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, գործողությունը` Ժնեւ, հոկտեմբեր 1980 թ., դատավարությունը` Ժնեւ, հունվար 1981 թ.: «Ուխտ Արարատի՚ նախաձեռնության խորհրդի անդամ է, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Մարտիրոս Ժամկոչյանը - գործողությունը` Ժնեւ, 1981 թ., գործողությունից ժամեր անց ձերբակալվել է ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման: 11 տարի բանտում անցկացնելուց հետո վերադարձել է Հայաստան: Մասնակցել է Արցախյան հաղթական ազատամարտին: «Ուխտ Արարատի» նախաձեռնության խորհրդի անդամ է:
Վազգեն Սիսլյանը - գործողությունը` 1981թ սեպտեմբեր 24 Փարիզ: Փարիզի թուքական հյուպատոսարանի գրավման «Եղիա Քեշիշյան» անձնասպանական քոմանտոյի ղեկավար: Գործողութւան ժամանակ վիրավորվել է: Դատավարությունը` Փարիզ: հուվար, 1984 թ., դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Վերադարձել է Հայաստան: «Ուխտ Արարատի» նախաձեռնության խորհրդի անդամ է:
Հակոբ Ջուլֆայանը - գործողությունը` 1981թ սեպտեմբեր 24 Փարիզ: Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավման «Եղիա Քեշիշյան» անձնասպանական քոմանտոյի ղեկավար: Գործողոթւյան ժամանակ վիրավորվել է: Դատավարությունը` Փարիզ, հունվար, 1984 թ., դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Վերադարձել է Հայաստան: «Ուխտ Արարատի» նախաձեռնության խորհրդի անդամ է:
Սիմոն Նաիրյանը - գործողությունը` Փարիզ, 14 հունիս 1983թ., Դատավարությունը` Փարիզ, 1984 թ.: Դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 12 տարի բանտում անցկացնելուց հետո վերադարձել է Հայաստան: «Ուխտ Արարատի» նախաձեռնության խորհրդի անդամ է:
Միջոցառման ավարտին կրկին հնչեց օրվա կարգախոսը`
«Հաղթանակ հայ ազատագրական պայքարին»:
Ներկաներին տեղեկացրին նաեւ, որ ԱՍԱԼԱ-ի եւ Արցախյան հաղթական ազատամարտի հերոս նահատակների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթեոնում:
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնության լրատվական կենտրոն
20-ը հունվարի 2012 թ.
No comments:
Post a Comment