Անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Լատինական Ամերիկայի երկրներ կատարելիք այցին՝ Նուլանդն ասել է, թե միջազգային հանրության ճնշման տակ գտնվող Թեհրանը նոր դաշնակիցներ է փնտրում և փորձում է ընդլայնել իր կապերը: «Մենք Կուբայի և Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, Նիկարագույի և Էկվադորի հետ, սակայն, քննարկելու ենք այդ հարցը»,-ասել է նա:
ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ-ն պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Եվրամիության երկրները համաձայնություն են ձեռք բերել իրանական նավթի ներկրման վրա էմբարգո դնելու հարցի շուրջ: Համապատասխան որոշումը, սպասվում է, որ կկայացվի ԵՄ արտգորրծնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ անպատիժ չի թողնելու իրանական նավթի ներկրման վրա արգելք դնելու մասին որոշումը. դեկտեմբերի 27 –ին Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Ռեզան հայտարարել էր, որ եթե Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իրանից նավթի արտահանման նկատմամբ, երկրի ռազմածովային ուժերն արգելափակելու են Հորմուզի նեղուցով նավթի առաքումը (Նշենք, որ Սաուդյան Արաբիայից, Իրանից, ԱՄԷ-ից, Քուվեյթից և Իրաքից արտահանվող նավթի մեծ մասի, ինչպես նաև Կատարից արտահանվող սեղմված բնական գազի գրեթե ամբողջ ծավալի փոխադրումն իրականացվում է հենց Հորմուզի նեղուցով, որն Օմանի ծոցը կապում է Պարսից ծոցի հետ):
Իսկ ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել էր, որ եթե Արևմուտքն էմբարգո դնի Իրանից նավթի գնման վրա, ապա «սև ոսկու» համաշխարհային գները կբարձրանան: «Հենց որ այդ հարցը (էմբարգոյի հարցը) լուրջ քննարկման դրվի, նավթի գինը մեկ բարելի դիմաց մինչև 250 դոլարի կհասնի»,- ասել էր նա:
No comments:
Post a Comment