Tuesday, January 10, 2012

Ինչից է կախված Սարգսյանի իշխանությունը

«Լրագիր» 10-1-2012- Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը նշանավորվեց “32 ատամի” պարոդիայով: Եթե չլիներ այդ պարոդիան, ապա ուղերձը երեւի թե մատնվեր անուշադրության, քանի որ հանրության ճնշող մեծամասնությունն այդ պահին զբաղված է սեղան գցելով, ու դրանից բացի էլ՝ ամանորյա նախագահական ուղերձը հանրության զգալի մասն ընկալում է իբրեւ մի արարողակարգ, որը թե ձեւի, թե բովանդակության իմաստով կրկնվում է տարեցտարի, եւ չարժե դրան ուշադրություն դարձնելով շեղվել 12-ի նախապատրաստական աշխատանքներից: Ընդհանուր առմամբ, մոտեցումն իհարկե արդարացի է: Որքան էլ որ անիմաստ է այն հեւիհեւ վազքը, որով Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մոտենում է Տարեմուտին, միեւնույն է, առավել անիմաստ է թվում նախագահական ուղերձների համար այդ վազքը ընդհատելը: Արդյոք Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձն ուներ այդ իմաստը: Արդյոք նմանակումից զատ, այն արժանի էր բովանդակային առավել ուշադիր դիտարկման: Ընդհանուր առմամբ, ուղերձում թերեւս հատկանշական էր երկու ասպեկտ՝ երկիրն ընտանիք դիտարկելը, եւ խորհրդարանի ընտրությունն իշխանության համար պայքար չդիտարկելը: Նախ ընտանիքի մասին: Թվում է, որ երկիրն իսկապես մեծ ընտանիք է: Բայց, մենք երկի՞ր ենք, թե պետություն: Երկիրն ընտանիք է, իսկ պետությունը՝ ոչ: Պետությունը թերեւս հանրային ինքնակազմակերպման բոլորովին այլ մակարդակ է, քան երկիրը: Իսկ ամանորյա ուղերձ հղում է պետության, ոչ թե երկրի ղեկավարը: Հետեւաբար այդ ուղերձում պետք է մատնանշվի կամ նախանշվի պետությունը որպես արժեք: Իսկ դա նշանակում է, որ ընտանիքի փոխարեն, նախագահական ուղերձում պետք է տեղ ունենա քաղաքացիական հասարակությունը, օրենքի առաջ հավասարության, ազատության եւ իրավունքի գերակայությունը որպես հասարակական համակեցության պլատֆորմ, առավել եւս, որ Հայաստանում արդիական է հենց այդ անցումը՝ ընտանիքի ֆետիշացումից անցում քաղաքացիական հասարակության: Այդ անցումն է անհրաժեշտ “ընտանիք ենք պահում” հավերժահայկական արդարացումից ազատագրվելու համար: Ամեն ինչ “ընտանիքի” տակ դիտարկելն է, որ ձեւավորում է իրավագիտակցությունից զուրկ հանրույթ, երբ պետական պաշտոնյան ընկալվում է ոչ թե հավասար իրավունքներով քաղաքացի, որը ծառայության է վարձվել մյուս քաղաքացիների մոտ, այլ “տան մեծ”, որին պետք է “լսել”, որին չի կարելի հակաճառել եւ այլն: Նախագահական ամանորյա ուղերձները պետք է ոչ թե նահապետականությունը խորացնեն երկրում, այլ քաղաքացիական իրավագիտակցությունը: Եվ ոչ միայն ամանորյա, այլ բոլոր ուղերձները, եւ ոչ միայն նախագահական, այլ պետության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների: Մյուս ուշագրավ հանգամանքը խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանի վերաբերմունքն է: Նա փաստացի հայտարարում է, որ խորհրդարանի ընտրությունն իր համար իշխանության հարց չէ: Դրանով, Սերժ Սարգսյանը կարծես թե հուշում է, կամ ակնարկում, որ իր իշխանությունը կախված չէ խորհրդարանի ընտրության արդյունքից, եւ ով էլ այդ ընտրությանը հաղթի, իր իշխանության համար դա ճակատագրական նշանակություն չունի: Թվում է, որ դա իրականությունից հեռու եւ կտրված միտք է, առավել եւս եթե հիշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է խորհրդարանի ընտրությանը մասնակցելու եւ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի համար անհրաժեշտ արդյունք արձանագրելու մտադրության մասին: Բայց, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի իշխանությունն իսկապես կախված չէ խորհրդարանի ընտրության արդյունքից: Այստեղ բանն իհարկե այն չէ, Հայաստանի քաղաքական դաշտը ներկայում ցրված է, եւ չի ուրվագծվում անգամ ընդդիմադիր դաշտի հեռանկարային դաշինք, ինչն էլ Սերժ Սարգսյանին կարող է ինքնավստահություն ներշնչել: Անշուշտ, կա այդ հանգամանքը, բայց երեւի թե դա չէ վճռորոշը, այլ այն, որ թե Հայաստանում, թե աշխարհում փոխվում է իրավիճակ, փոխվում են հասարակական հաղորդակցության միջոցները, հասարակական ընկալումները, նվազում են իշխանության մանիպուլյացիոն ռեսուրսները, ինչի հանդեպ համարժեք չլինելն է դառնալու Սարգսյանի համար իշխանության կորստի հիմնական պատճառ, ոչ թե խորհրդարանի ընտրությանը բացարձակ մեծամասնություն չձեւավորելը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: