
Վրաստանն էյֆորիայի մեջ էր ԱՀԿ հարցով բանակցություններում Ռուսաստանի հանդեպ տարած հաղթանակից, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի պատասխանատուների այցից ու դաշինքին անդամակցելու վերաբերյալ զանազան խոստումներից: Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին դարձավ կատակերգական սերիալի սցենար: Այդ ամենն այնքան հիմարավուն տեսք ունի, որ պարզապես դժվար է մեկնաբանել: Վրաստանը ստիպված ընդունել է խաղը, որում նրան հատկացվել է Ռուսաստանի դեմ սադրանքների լծակներից մեկի դերը, եւ եթե նա չունենար այլ գործառույթներ, դա էլ բավական է Արեւմուտքի հետ համագործակցելու համար:
Վրաստանի փոխարեն նրա տարածքային ու տնտեսական խնդիրները ոչ ոք չի պատրաստվում լուծել, եւ ընդհակառակը՝ նրա խնդիրներն առիթ են արտաքին ակտիվ միջամտության համար: Վրաստանի միջազգային գործառույթները պարզապես նսեմացուցիչ են, եւ չկա որեւէ սպասելիք, որ ապագայում Վրաստանին կհատկացվի ավելի հեղինակավոր դեր: Թեեւ տարածաշրջանում նման դերի եւ գործառույթների համար մրցակցություն կլինի, քանի որ այլ բան պարզապես տրված չէ:
Ադրբեջանը հայտնվել է ղարաբաղյան խնդրի խուլ փակուղում, եւ նրան այս անգամ բավական համոզիչ պարզաբանել են, որ ղարաբաղյան խնդիրը չունի ոչ քաղաքական, ոչ ռազմական լուծում, ոչ Մինսկի խմբով, ոչ էլ առանց նրա: Ադրբեջանն իր պահանջներով եւ կպչուն քարոզչությամբ արդեն կարգին ձանձրացրել է արեւմտյան գործընկերներին, որոնք մեծ հաճույքով առիթներ կգտնեին ներկայիս աշխարհում նրա տեղը ցույց տալու համար: Այս բավական էմոցիոնալ եզրակացությունը իրականում բավական հիմնավոր է եւ գործնականում դրված է քաղաքական հրապարակային վերլուծության մակերեւույթին:
Եվրոպացիները փորձում են գտնել Ադրբեջանում նոր հայտնաբերված գազը Սեւ ծովով, եւ ոչ Թուրքիայի տարածքով, Բալկաններ տեղափոխելու հնարավորություններ: Նավթի պաշարների մոտալուտ սպառման հեռանկարը ստիպում է Ադրբեջանին ուշադրությունը կենտրոնացնել գազի նոր նախագծերի վրա, ընդ որում՝ պատերազմից հրաժարվելու եւ Արեւմուտքի տրամաբանության եւ շահերն ընդունելու պայմանով, որոնց մեջ չեն մտնում ադրբեջանական քաղաքական շահերը:
Հայաստանը կովկասյան այս համընդհանուր հիասթափությունների ֆոնին նույնիսկ առավել քան ինտրիգային է երեւում: Գլխավոր ինտրիգն, իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական «նոր» կուրսի մեջ է, թեեւ, երեւում է, «նոր» կուրսը քիչ ինչ հանդուգն է թվում: Համենայնդեպս, Հայաստանը ներկայում Արեւմուտքում դիտարկվում է այլ կերպ, եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը շատ բան «կներեն», եթե այդ կուրսը շարունակվի:
Ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանը Արեւմուտքի համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես երկիր, որը փորձում է նոր առաջնահերթություններ ընտրել, այլեւ նրանով, որ Ռուսաստանի հետ ունի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ: Իսկ շատ շուտով Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնելու որպես քրիստոնեական երկիր, որը համագործակցում է Արեւմուտքի հետ եւ լավ հարաբերություններ ու շփումներ ունի Իրանի հետ, որն ավելի ու ավելի է հայտնվում միջազգային մեկուսացման մեջ:
Հայաստանն ընդունել է միջազգային խաղը Թուրքիայի զսպման համակարգի կառուցման մասով, թեեւ դա արել է ոչ լիովին գիտակցված, ինչը հանգեցրել է որոշակի կորուստների իրավիճակի: Հայաստանին առաջարկվում են նոր «հեռանկարներ», որոնցից գլխավորը «վրացանման» ներգրավումն է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման սցենարին: Թե ինչ արժեք ունեն այս գայթակղիչ ազդանշանները՝ ցույց կտա մոտ ապագան:
Հարավային Կովկասի երկրներն առավել ծիծաղելի վիճակում կհայտնվեին, եթե ձեռնամուխ լինեին արեւմտյան քաղաքական «դաշտի» նոր հեռանկարների յուրացման արագացմանը: Սակայն այս երկրները գերադասում են սպասել, եւ նույնիսկ Վրաստանը՝ քաղաքական նորարարությունների առաջատարը, այս անգամ սկսել է շուրջը նայել եւ մտածել: Ինչ կարիք կա շտապելու, եթե կա խորհելու բարենպաստ ժամանակ:
Իգոր Մուրադյան
No comments:
Post a Comment