Tuesday, January 17, 2012

Երբ կգործի Ստեփանակերտի օդանավակայանը

«Լրագիր» 17-1-2012- Դեռեւս հայտնի չէ, թե Ստեփանակերտի օդանավակայանը երբ կհանձնվի շահագործման: ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանը վերջնականապես պատրաստ կլինի մեկ ամիս անց: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կիրականացվի առաջին թռիչքը: Ըստ Դմիտրի Ադբաշյանի` դեռևս կան տեխնիկական հարցեր, որոնք լուծման փուլում են: Խնդիրներից նա առանձնացրեց այն, որ դեռևս պատրաստ չէ օդային երթևեկության սխեման: Դրա կազմման աշխատանքներն, ըստ նրա, իրականացվում են միջազգային մասնագետների օգնությամբ, որոնք ձգձգում են աշխատանքները: Բացի այդ, դեռևս Հայաստան չեն բերվել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվիրած երկու ինքնաթիռները: Արցախի քաղաքավիացիայի վարչության պետի խոսքով` այս փուլում դեռևս պատրաստ չեն նաև օդաչուները: «Առաջին թռիչքն իրականացնելու համար դեռևս մի քանի ամիս կպահանջվի, բայց հստակ չենք կարող ասել, դա ինձանից կախված չէ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի խոսվում էր այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պետք է լիներ 2011 թվականի մայիսի 9-ին, այնուհետև ժամկետ սահմանվեց սեպտեմբեր ամիսը: Իսկ բոլորվին վերջերս հայտարարվեց, թե օդանավակայանը կսկսի գործել 2012-ի գարնանը:

No comments: