Sunday, January 29, 2012

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության մութ էջերին. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Tert.am. 28-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն է անդրադարձել նաև Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։ «Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության մութ էջերին, եթե ցանկանում է, ինչպես վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է խոստացել, որ իր երկիրը մինչև 2023թ. աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում հայտնվի»,– ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռիկարդոնեն: Դեսպանը հավելել է, որ Թուրքիայում պատմաբանները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ ուսումնասիրել պատմության ցավալի էջերը։ Երեկ, վերոնշյալ օրինագծի ընդունմանն անդրադառնալով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե իբր ԱՄՆ–ն երբեք չի շարժվելու «ազատ խոսքի համար պատիժ սահմանելու ուղով»։ «Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն։ Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով»,– հայտարարել էր Քլինթոնը։

No comments: