Friday, January 13, 2012

Ինչո՞ւ ենք այսօր նշում «Հին Նոր Տարին»

Zham.am. 13-1-2012- Այսօր Հայաստանում նշում ենք «Հին Նոր Տարին»` եզրափակելով տարեսկզբյան տոներն ու «ուտուշ-խմուշները»: Թե որտեղի՞ց է եկել «Հին Նոր Տարին» նշելու այս ավանդույթը, zham.am-ը փորձել է ճշտել աստղագետ Արեգ Միքայելյանից: Պարզվում է` ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռեւս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների եւ ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: «Տարվա տեւողությունը հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Մինչդեռ, իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր, եւ այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր»,-ասաց աստղագետը: Արեգ Միքայելյանի խոսքերով` 1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվել է Արեւմտյան կամ Քրիստոնեական օրացույցը , ինչն այսօր հայտնի է որպես Նոր տոմար: Համաձայն այդ Նոր տոմարի` նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տեւողությունը դառնա 365.2425 /հուլյան տարուց 10.8 րոպե պակաս/ և դրանով ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տեւողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որեւէ փոփոխության կարիք չի լինի: «Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետեւ նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը եւ 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 եւ 2300 թվականները: Արդեն իսկ 16-17-րդ դարերում Գրիգորյան օրացույցն ընդունվեց ամբողջ Արևմտյան Եվրոպայում»,-նշեց Ա. Միքայելյանը` հավելելով, որ երբ Ռուսաստանում 1917թ. սոցիալիստական հեղափոխությունից հետո նույնպես որոշել են անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն, այդ պատճառով հին ու նոր տոմարների միջեւ տարբերությունը մինչեւ այսօր էլ համարվում է 13 օր: Ահա թե ինչո՞ւ ենք Հայաստանում այսօր էլ նշում «Հին Նոր Տարին». իսկապես, հուլյան օրացույցով Նոր տարին կգար այսօր`հունվարի 13-ի երեկոյան ժամը 12-ին:

No comments: