«ԼՐԱԳԻՐ» 13-1-2012- Որքան իշխանությունը փորձում է լռության մատնել բանակի խնդրի վերաբերյալ հասարակական քննարկումները եւ քննադատությունը, այդքան կարծես թե նախախնամությունը թեժ է պահում թեման: Միջադեպերը հաջորդում են իրար, իսկ ահա դրանց կանխարգելմանն ուղղված բեկումնային որոշումներ կարծես թե չկան: Իրադարձությունների ընթացքն էլ ցույց է տալիս, որ այլ կարգի որոշումներով, լուծումների այլ մարտավարությամբ իրավիճակ չի փոխվում:
Սակայն, դրանով հանդերձ, իշխանությունը ոչ թե փորձում է օգնության համար դիմել հասարակությանը, այլ սկսում է հասարակությանը մեղադրել իրեն խանգարելու համար:
Արդյունքը լինում է այն, որ ոչ ոք չի խանգարում բանակային ճգնաժամի սրընթաց խորացմանը: Իսկ այդ ճգնաժամի խորացումը պաթետիկ եւ պոռոտ հայրենասիրական ելույթներով սքողելու տարբերակն էլ բնականաբար ոչ մի հարց չի լուծում:
Այդ մարդկանց չգիտես ինչու թվում է, որ եթե որեւէ մեկը խոսում է բանակում արմատական փոփոխությունների, կադրային բեկումնային որոշումների, կառուցվածքային վերանայումների անհրաժեշտության մասին, եթե որեւէ մեկը պարզապես փորձում է խոսել խնդրի մասին, որովհետեւ Հայաստանի բանակի համար կենսական կարեւորություն է թեկուզ մեկ մարդու կյանքը եւ անգամ առողջությունը, ապա այդ խոսքն ասողը իրենցից ավելի քիչ է սիրում բանակը եւ մտածում բանակի ու պետության մասին:
Թվում է, որ 21-րդ դարում իշխանությունն ու իշխանական քարոզչությունը պետք է որ դուրս եկած լինեին հասարակական քննադատության հետեւում “համաշխարհային դավադրություն” տեսնելու տարրական պատկերացումների շրջանակից եւ գտնեին հանրության հետ հարաբերվելու արդյունավետ եւ գործուն նոր մեխանիզմներ:
Ամեն մի նոր մահ վկայում է ոչ միայն առկա կեցվածքի ավելորդության եւ անտրամաբանականության, այլ նաեւ վտանգավորության մասին:
Իշխանությունը առաջ է քաշում հասարակության ոչ կոմպետենտության պարագան, ասելով, թե բանակը պրոֆեսիոնալների գործն է, բանակից պետք է հասկանալ, դրա խնդիրները քննարկելու համար:
Պրոֆեսիոնալների գործն է ամեն ինչ, ոչ միայն բանակը: Ցանկացած ոլորտի մասին խոսելու համար էլ պետք է լինել կոմպետենտ:
Բայց, երեւի թե անհրաժեշտ է, որ բանակում էլ կոմպետենտություն լինի հասարակության հետ հարաբերության կառուցման մասով, ինչի դեպքում այլեւս չեն լինի կոմպետենտության մասին հասարակությանն ուղղված դիտողությունները:
Բանն այն է, որ հասարակության գործառույթը այստեղ բոլորովին էլ խնդիրների լուծում առաջարկելը չէ: Դա իհարկե կարող են անել կոմպետենտ մարդիկ, անհատները, որոնք հնարավորինս լավ պատկերացնում են թե բանակ հասկացությունն ընդհանրապես, թե Հայաստանի բանակի վիճակը մասնավորապես:
Հասարակության դերն այստեղ աջակցությունն է կոմպետենտությանը: Հայաստանի բանակի խնդիրների լուծման համար այդ հանրային աջակցությունը կենսական է, որովհետեւ դժվար չէ պատկերացնել, թե հնարավոր եւ անհրաժեշտ լուծումների հանդեպ ինչպիսի ներքին դիմադրություն կարող է լինել բանակի բարձրագույն հրամանատարական կազմ կոչվածի տարբեր ներկայացուցիչների կողմից:
Ահա այդ դիմադրությունն արդյունավետ եւ արագ հաղթահարելու համար, լուծումները պետք է ունենան հասարակական աջակցություն: Բայց դրա համար պետք է հասարակությանը առաջարկել լուծումներ, կոմպետենտ մարդիկ պետք է հասարակությանն առաջարկեն լուծումներ եւ ակնկալեն աջակցություն դրանք առաջ մղելու համար:
Այդ մարդիկ իշխանությունից կլինեն, թե կլինեն իշխանությունից դուրս, էական չէ: Լուծումներն առաջարկում են կոմպետենտները, իսկ հասարակությունը իր աջակցությամբ վերահսկում է այդ գործընթացը: Այդպես է ամբողջ աշխարհում եւ այդպես է ցանկացած ոլորտում: Հասարակությունը չի պահանջում անել այս կամ այն բանը, հասարակությունը պահանջում է շտկել վիճակը, իսկ թե ինչպես, դա արդեն պետք է իմանան կոմպետենտները:
Բայց եթե իրավիճակը չի շտկվում, կամ չի շտկվում այն արագությամբ եւ արդյունավետությամբ, որը կգոհացներ հասարակությանը, ուրեմն կոմպետենտները պետք է անարդյունավետության կամ անկարողության համար իրենց մեղադրեն, ոչ թե “մութ” նպատակների համար մեղադրեն դժգոհ հասարակությանը:
Այլապես, ստացվում է, որ հայկական զինուժը ներկայում գտնվում է վտանգավոր կոմպետենտության ներքո, որն էլ զինվորների կյանքի անվտանգության մասին մտածելու փոխարեն, պարբերաբար հասարակությանն է մեղադրում՝ սեփական անվտանգությամբ մտահոգված:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, January 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment