Saturday, January 28, 2012

Կաթողիկոս. Մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է հաղթանակներով, արի ոգով, ամուր հեղինակությամբ

Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբոլյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին և համայն մեր ժողովրդին: Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի և ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը և պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց և զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի: Աղոթում ենք, որ Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր մեր երկրի, մեր լուսավոր գալիքի հույսերի: Թող Տերը երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր բանակի զորավարներին ու մարտիկներին` արի ոգով և հաղթական բազուկով: Թող մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը»:

No comments: