Monday, January 30, 2012

Արդիականացում եւ բանակ

«Լրագիր» 28-1-2012- Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է ընտրություններին: Ու խորհրդարանական ընտրությունները նախագահականից առաջ գլխավոր փորձն են լինելու: Արդիականացման ու բարեփոխումների այն կուրսը, որ նա փորձում է ցույց տալ, առայժմ դեռ լիարժեք չեն: Խոսքն այն մասին չէ, որ դրանք կարող են լինել կեղծ, կամ իրականում ավելի գունավոր են ներկայացվում, քան կան: Խոսքն այն մասին է, որ նույնիսկ զուտ քաղաքական pr-ի տեսանկյունից կա ծրագրային սխալ: Սխալը ամեն անգամ ընդգծվում է, երբ Սերժ Սարգսյանը սկսում է հանդես գալ գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Անկախության քսանամյակի զինվորական շքերթը, հունվարի 28-ի տոնակատարությունները, հաճախակի այցելությունները զորամասեր, բանակի շուրջ աղմուկը քայլեր են, որոնք նպատակ ունեն ցույց տալու բանակի հանդեպ պետական ուշադրությունը: Ու կարծում եմ, այն հարցում, որ բանակը ՀՀ նման արտաքին քաղաքական պայմաններում կարևոր գործոն է, կասկած չկա: Բայց արդիականացման գնացող պետության հեռանկարում դեմիլիտարիզացիան կարևոր պայման է: Նախկինում առավել շատ, հիմա մասամբ ղարաբաղյան պատերազմի առաջամարտիկներից շատերը շարունակում են երկրի ադմինիստրատիվ կառույցներում տեղ զբաղեցնել: Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն աշխատել է ուժային բոլոր կառույցներում ՝ ՆԳՆ, ՊՆ, ԱԱ, իրեն զգացնել է տալիս: Նախարարությունների այն հատվածը, որոնցից նա «գլուխ է հանում», կարծես աշխատում են, իսկ ադմինիտրատիվ ռեսուրսի մյուս մասը՝ կրթություն, մշակույթ, ներքին հաղորդակցություն, ըստ էության դեռևս սաղմնավորման պրոցեսի մեջ են: Հիմնական խնդիրը ոչ թե բանակի հանդեպ ուշադրության կամ չուշադրության, այլ ընդհանրապես բանակի չքաղաքականացման մեջ է: Ընդ որում, բանակի քաղաքականացումը զուգահեռ պրոցես է, թե ընդդիմության, թե իշխանության կողմից: Ընդդիմությունը բանակում եղած խնդիրներն օգտագործում է ընդդեմ իշխանության, իշխանությունն էլ բանակը, եկեղեցու ու ազգային մշակույթի հետ միասին, փորձում է որպես լեգիտիմացնող հիմնական ինստիտուցիաներ պահել: Ու եթե մի կողմից Հայաստանի նման պետության համար օրինաչափ է այս ամենը, ապա օրինաչափ չէ այն, որ այս ամենի հստակ գոյության պայմաններում արդիականացման ծրագիր է առաջ տարվում: Կարծում եմ, առաջին քայլերը, թեկուզ իմիտիացիոն, արդեն արվել են իշխանության կողմից, ու այն, որ սոցիումը պատրաստ է արդիականացման մասին քիչ թե շատ դիսկուրս ծավալել՝ հստակ է: Սակայն հենց այստեղ՝ սոցիում-քաղաքականություն պահանջարկ-առաջարկ դիալոգի մեջ էլ ծրագրային սխալն է: Շարունակում ենք հենվել հիմնական երեք սյուների՝ բանակի, եկեղեցու ու «մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարի վրա՞, թե փորձում ենք հայտարարված արդիականացումը գործնականի վերածել: Կարծում եմ, բանակի տոնի հետ կապված, ու բանակի պրոֆեսիոնալացման հեռակա պլաններում, վատ չէր լինի մտածել այս մասին: Ըստ որում, բանակի վրայից ազգային-ազատագրական պաթոսի թոթափումը ու այն որպես քաղաքական ներքին լեգիտիմացիա օգտագործելուն վերջ տալը կարող են նպաստել վերջինիս պրոֆեսիոնալացմանը: Արդիականացման հիմնական խնդիրներից մեկը դեմիլիտարիզացիան է: Այլ պարագայում, բարեփոխվող նախագահի կերպարը այդպես էլ կմնա որպես նախընտրական PR: Կրկին անգամ սա չի նշանակում բանակի հանդեպ անուշադրություն և այլն: Ընդհակառակը, սա նշանակում է բանակային գործի մասնագիտացում: Ավելի պարզ, բանակը պետք է վերաձևակերպվի ոչ թե որպես ազգային շահերի պաշտպան, հերոսական նեոֆիդայիզմի տաճար, Վարդան Մամիկոնյանից ստացված հայրենական ժառանգություն, այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին հոգացող պետական ինստիտուտ: Լեւոն Մարգարյան

No comments: