Saturday, January 28, 2012

Արտասահմանյան մամուլ. Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի անդրդվելիությունն ավելի ու ավելի անտանելի է դառնում

News.am. 28-1-2012- NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է France-Presse գործակալության հոդվածը, որը հրապարակվել է լիբանանական ֆրանսալեզու L’Orient-Le Jour թերթում. «Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից երեք տարի առաջ վերլուծաբանները նշում են, որ թուրքական անդրդվելիությունն ավելի ու ավելի անտանելի է դառնում այն երկրների նկատմամբ, որոնք, ինչպես Ֆրանսիան, ցանկանում են Հայոց ցեղասպանության մասին օրենք ընդունել: Ավելի քան մեկ ամիս Թուրքիան մկաններն էր ցույց տալիս Ֆրանսիային` ստիպելով հրաժարվել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան կտրուկ կերպով մերժում է «ցեղասպանություն» տերմինը, եւ այդ վճռականությունը տասնամյակներով է դրսեւորվում` առավել կամ նվազ չափով զգուշացնելով Ցեղասպանությունը կամ դրա մերժումը քրեականացնող օրենք ընդունել ցանկացող երկրներին: Դա սակայն չի խանգարել, որպեսզի ավելի քան քսան պետություն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եւ դա ավելի ու ավելի անտանելի է դառնում առաջին հերթին Անկարայի համար, գրում է «Milliyet» թերթի մեկնաբան Սենմիհ Իդիզը: «Թուրքիան բազմապատկում է Ֆրանսիայի դեմ սպառնալիքները: Սակայն մի քանի շաբաթ անց այդ թեման նորից կհայտնվի ԱՄՆ կոնգրեսի օրակարգում: Հերթում այլ երկրներ եւս կան: Ամեն անգամ Թուրքիան ետ է կանչելու իր դեսպանին: Մենք կանգնած ենք անհեթեթ իրավիճակի առջեւ»,-գրել է նա: Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Հյու Պոպուայի կարծիքով` լուծումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ է: «Թուրքիայում շատերը մտահոգված են, թե ինչպես երկիրը կահաղթահարի 2015 թ. հետ կապված իրավիճակը, եւ կարծում են, որ պետք է հայերի հետ հաշտեցման ուղի որդեգրել` լինելու համար այն մարդկանց կողքին, ովքեր հիշելու են Անատոլիայի անհետացած հայ համայնքին... եւ չլինել թիրախ»,- նշել է վերլուծաբանը: Թուրքիան այլեւս չի կարող խուսափել հիշողության հետ կապված իր պարտավորությունների կատարումից եւ զղջումից, նշում է «HaberTürk» թերթի մեկնաբան, պրոֆեսոր Սոլի Օզելը: Նրա խոսքով` «առաջին հերթին պետք է ցավ հայտնել. թուրքական պետությունը երբեք դա չի արել: Իրականում դա ելակետ է հայկական հարցի մեղմացման խնդրում»:

No comments: