«Լրագիր» 238-1-2012- Արդեն մի քանի տարի է, որ Հայաստանի զինված ուժերի տոնն անցնում է “Մի վախեցիր” նշանաբանով, Հանրային հեռուստաընկերության շնորհիվ, որի նկարահանած մի ֆիլմը վերածվել է “Բաղնիքդ անուշի”, պարզապես ոչ թե ամանորյա, այլ ռազմահայրենասիրական իմաստով. Եթե “Բաղնիքդ անուշը” ամեն նոր տարի էին պտում տարբեր հեռուստաալիքներ, ապա “Մի վախեցիրը” պտտում են ամեն հունվարի 28-ի եւ մայիսի 9-ի առիթով:
Մինչդեռ, Հայաստանի զինուժի համատեքստում, ներկայում արդիական է ոչ թե “մի վախեցիր”, այլ “մի սպասիր” կամ “մի հապաղիր” նշանաբանը կամ կարգախոսը:
Ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այդպես էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց 20-ամյակին կանգնած են համակարգային անհապաղ բարեփոխումների կենսական անհրաժեշտության առաջ:
Կարելի է իհարկե զինուժի խնդիրները վերագրել հասարակությանն ու դրանով հիանալ սեփական “կոմպետենտությամբ”, հպարտանալ հեռուստալուսագրում գրված “ռազմական փորձագետ” արտահայտությամբ, եւ շրջապատին նայել ազգի հանդեպ առաքելության մի կարեւոր դրվագ կատարածի ինքնագոհությամբ:
Կարելի է իհարկե հնչեղ ու երկար ց-երով կեցցեներ բղավել, հատկապես բանակի տոնի կապակցությամբ, ակնկալելով, որ իշխանությունը կգնահատի ց-երը երկարաձգելու համբերատարությունն ու եւս մի որոշ ժամանակով կերկարաձգի “աշխատանքային պայմանագիրը” այդ ուղղությամբ:
Բայց Հայաստանի զինուժն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն, որը չի լուծվի պատասխանատվությունը հասարակական նկարագրի, հանրային արատների վրա դնելով, չի լուծվի բանակի լուսանկարները սոցցանցերում տեղադրելով եւ հիացական բացականչություններ անելով, մտածելով, թե դա է բանակասիրության, հայրենասիրության վկայությունը` թե ինչքան շատ լուսանկար կտեղադրես, ինչքան շատ բացականչական նշաններ, շնորհավորական կենացներ:
Հայաստանի զինուժը ներկայումս ունի կառավարման համակարգի լուրջ խաթարումներ, բարձրագույն հրամկազմի մտածողության լուրջ լճացում, ժամանակի ընթացքի հետ ռազմաքաղաքական մտքի լուրջ անհամարժեքություն: Այդ հարցերը պետք է զերծ պահել համերգային կամ համացանցային պաթոսից, ինչպես նաեւ “ռազմափորձագիտական” կոմֆորմիզմից:
Այդ հարցերը պահանջում են հասարակական շրջանակների հետ լուրջ քննարկում, որտեղ չեն լինի “դե հասարակությունն է այդպիսին” կարգի պղպջակներ: Եթե նույնիսկ հասարակությունն է այդպիսին, ապա առավել եւս անհրաժեշտ է բանակում կատարել լրջագույն վերափոխումներ, որպեսզի հասարակության արատները չտարածվեն բանակում եւ չազդեն բարոյահոգեբանական մթնոլորտի, նաեւ մարտունակության վրա:
Այսինքն, “հասարակությունն է այդպիսին” արտահայտությունը ոչ թե արդարացնող կամ մեղմացնող է, այլ էլ ավելի պարտավորեցնող եւ մեղադրող, որ եթեգիտեք “հասարակությունն է այդպիսին”, ուրեմն առավել եւս պարտավոր եք բանակում ձեւավորել կառավարման գործուն մեխանիզմներ եւ կադրային դիմադրունակություն հանրային այդ արատների հանդեպ, որոնք իհարկե կան, բայց որոնց “գերեզման” պետք է հանդիսանա բանակը, ոչ թե դրանց պարբերական “ատեստացիայի” օբյեկտ:
Բայց, Հայաստանի զինուժի առաքելությունն անշուշտ ունի նաեւ առավել գլոբալ համատեքստ: Խնդիրն իհարկե միայն բանակային կառավարման սահուն եւ ներդաշնակ մեխանիզմի ձեւավորումը չէ, երբ զինվորները անվտանգ կլինեն զորամասում եւ նաեւ կլինեն առավելագույնս պատրաստված:
Տարածաշրջանային ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը պարտադրում է, որ Հայաստանի զինուժը վերածվի ռազմաքաղաքական առանցքային սուբյեկտի, որն իր առջեւ դնում է ոչ թե միայն իրավիճակի պահպանման կամ ձեւավորման ֆիզիկական գործառույթներ, այլ նաեւ հանդիսանում է տարածաշրջանային իրավիճակային սցենարների “շտեմարան” հանդիսացող կարեւորագույն սուբյեկտ աշխարհաքաղաքական գործընթացներում, առանցքային գործիք Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում: Զինուժի այդ սուբյեկտությունը կընդլայնի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ճկունության հնարավորությունը, մանեւրի հնարավորությունը, ավելացնելով թե գործիքակազմը, թե քաղաքականության լեզուն:
Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի բանակի բարձրագույն հրամկազմը, զինված ուժերի գլխավոր շտաբն ու պաշտպանության նախարարությունը համալրվեն նոր մտածողությամբ, լայն աշխարհայացքով, համաշխարհային գործընթացների հանդեպ սթափ համարժեքությամբ աչքի ընկնող գործիչներով եւ հրամանատարներով, որոնք նաեւ հստակ կպատկերացնեն այդ գլոբալ խնդրի եւ զինուժի ներքին կառավարման կազմակերպման օրգանական կապն ու արդիական մեխանիզմները:
Սպասելու ժամանակ չկա, եւ մեզ էլ աշխարհը չի սպասելու:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment