Saturday, January 21, 2012

Դավութօղլուն «անօգուտ է» որակել Էրդողանին ուղղված Սարկոզիի նամակը

Tert.am. 20-1-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «անօգուտ է» որակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին հասցեագրած նամակը։ «Որևէ կարծիք, որևէ նամակ չի փոխի այդ հարցի վերաբերյալ մեր տեսակետը»,–անգլալեզու Todayszaman.com կայքի հաղորդմամբ` ասել է Դավութօղլուն և հավելել, թե Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից վերոնշյալ օրենքի քննարկումն ու ընդունումը «երկու երկրների հարաբերություններին երրորդ կողմի միջամտության թույլատրելի սահմանն անցնելու մասին է վկայում»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սարկոզին պատասխան նամակ էր ուղարկել Էրդողանին (ավելի վաղ Էրդողանը նամակ էր գրել Սարկոզիին, որում «զգուշացրել էր», թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերջնական ընդունումը ծանր հետևանքներ է ունենալու երկու երկրների հարաբերությունների համար), որում, մասնավորապես, նշել էր, թե Թուրքիան Ֆրանսիայի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է, այդ իսկ պատճառով որոշումներ կայացնելիս, այս կամ այն քայլին դիմելիս պետք է բանականության վրա հենվել։ «.... Գիտեմ, որ դժվար է առերեսվել պատմությանը, սակայն Ֆրանսիան կարողացավ դա անել. ճանաչեց իր դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկրում բնակվող հրեաներին`գերմանական համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու գործում: Ես 2007թ. անձամբ եմ դատապարտել այն ողջ սարսափը, որն ապրել են ալժիրցիները ֆրանսիական գաղութատիրության ժամանակ։.... Ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք, որ այդ օրինագծի ընդունման առնչությամբ ձեռնարկվելիք խիստ քայլերը մեծ վնաս են հասցնելու երկու երկրների բազմակողմ հարաբերություններին և սարսափելի հետևանքներ են ունենալու։ Իսկ դրա պատասխանատվությունը նման քայլեր ձեռնարկած կողի վրա է լինելու»,–ասված էր նամակում։

No comments: