Tuesday, January 17, 2012

Հայաստանը եւ հարեւանները. միշտ հին եւ միշտ նոր

Արտաքին քաղաքականության ամփոփումը «Լրագիր» 17-1-2012- Երեկ կայացավ Հայաստանի արտգործնախարարի մամլո ասուլիսը, որտեղ համառոտ ամփոփվեց նախորդ տարվա արտաքին քաղաքական գործունեությունը։ Թեև, ավանդաբար, տարեկան ամփոփումները և դրանց բնույթը մասնագիտական լսարանի համար որևէ նորություն կամ սենսացիա չեն պարունակում, սակայն այս մեկն աչքի ընկավ բազմաբնույթ հարցերի վերաբերյալ նախարարի հետաքրքիր և հետևությունների ու վերլուծությունների հարուստ նյութ տվող պատասխաններով և մեկնաբանություններով։ Նյութ՝ նորմալ փորձագիտական հանրության, այլ ոչ թե ինքնահռչակ վերլուծաբանների համար, որոնց միակ “փեշակը” սերիալային ինտրիգների նմանվող “փորձաքարագիտական աշխատություններն են”։ “Ինչ պետք ա, ոնց պետք ա” վճարովի “մտավոր” ծառայության այս շուրջօրյա առաքիչները ցայտնոտի մեջ են հայտնվում, երբ պատվեր չկա, իսկ մտաքաղցն էլ թույլ չի տալիս մամլո ասուլիսի տեղեկատվության հիման վրա սեփական առողջ ու անկողմնակալ վերլուծություններն անել։ Լրագրողների տրված հարցերին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանները ոչ միայն պարունակում էին համարձակ շեշտադրումներ և մեսիջներ, այլև կարևոր տեղեկատվություն օրակարգի առանցքային հարցերի շուրջ. Ղարաբաղյան հիմնախնդրով եռակողմ հանդիպում, Իրանի շուրջ լարվածություն, հայ-թուրքական հարաբերությունների և Ֆրանսիայի Ազգային Ժողովի ընդունած բանաձև, Եվրասիական Միության շուրջ զարգացումներ և այլն։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը ոչ միայն հաստատեց պայմանավորվածության վերաբերյալ փաստը, այլև վստահեցրեց, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են։ Բարձրաստիճան մակարդակով նման հայտարարությունները առանց հիմքի չեն արվում, հետևաբար նախարարի վստահությունը հիմնված է արդեն տեղի ունեցած և ընթացող գործընթացների վրա, որոնք Մինսկի խմբից այդքան խուսափող Ադրբեջանին խոնարհաբար վերադարձնում են բանակցային սեղանի շուրջ։ Ցավոք, դիվանագիտության մեջ հսկայական ջանքեր ու աշխատանք պահանջող նման գործընթացները ոչ տեսանելի են, ոչ էլ ենթակա են ասուլիսային հրապարակման։ Իրանի շուրջ մեծացող լարվածության և հնարավոր ռազմական զարգացումների հետ կապված Հայաստանի մոտեցումը արտահայտելու հարցին ևս նախարարի պատասխանը հստակ էր և միանշանակ. «… Հայաստանը միշտ արտահայտվել և արտահայտվում է Իրանին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերի խաղաղ ճանապարհով, երկխոսության, բանակցությունների միջոցով լուծմանը»։ Սա ցույց տվեց, որ ի տարբերություն անցած գնացած տարիների, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետության կենսական հարցերում առաջնորդվում է իր ազգային անվտանգության շահերով, այլ ոչ թե ուժային կենտրոնների միջև տարակուսելով, ինչպես այսօր անում է Ադրբեջանը։ Իսկ նման դիրքորոշում վստահությամբ հայտնում ես այն ժամանակ, երբ քո դիվանագիտությունը պատշաճ աշխատանքներ է տարել վերոհիշյալ կենտրոններին սեփական անվտանգության շահերը ներկայացնելու, դրանք պաշտպանելու և դիրքորոշումը ընդունելի դարձնելու շուրջ։ Որդեգրած քաղաքականության օրեցօր աճող ինքնուրույնության արտացոլումն է նաև նախարարի պատասխանը՝ տրված Եվրասիական Միության մասին Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին. « Այս կապակցությամբ կարծիքների փոխանակման, քննարկման փուլ է: …Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլինեն նոր հանդիպումներ թե նախարարական, թե ավելի բարձր մակարդակներով, որպեսզի հստակեցվեն երկրների մոտեցումները»։ Հայաստանը, Ռուսաստանի հետ միասին, ավանդաբար լինելով նախկին խորհրդային տարածքում համագործակցային կառույցների կայացման առաջամարտիկներից, այս անգամ, ելնելով պետության տնտեսական շահերից և ԵՄ հետ խոստումնալից համագործակցության հեռանկարից, չի ցանկանում վաղաժամ դիրքորոշում հայտնել մի հարցի շուրջ, որը դեռևս քննարկման սաղմնային փուլում է, երկրների մոտեցումները հստակեցված չեն, իսկ ընդհանուր գաղափարը՝ մշուշոտ։ Վերջին շրջանում մեզանում շատ էին քննադատություններն առ այն, որ Հայաստանը ըստ արժանվույն չի պատասխանում թուրք և ազերի պաշտոնյաների կոշտ մեղադրանքներին։ Այս անգամ, արտգործնախարար Նալբանդյանը իր պատասխաններում առավել քան արժանի հակահարված տվեց իր հակառակորդներին՝ Թուրքիայի իշխանություններին մեղադրելով Ֆրանսիայի հայկական բանաձևի հարցում շանտաժի ու կոռուպցիայի փորձերի մեջ, իսկ Ադրբեջանի հարցում, հրապարակելով վերջինիս իշխանությունների ստորաքարշ քայլերը ԵԱՀԿ-ում շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի գործարկմանը խոչընդոտելու ուղղությամբ` առաջին անգամ հրապարակելով ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա Ադրբեջանի կողմից վետո կիրառելու փորձերին և վերջինիս մեկուսացմանը։ Եվ սա դեռ ամենը չէր հարց ու պատասխաններում։ Բայց եղան լրագրողներ, ովքեր ոչ մի նոր բան չլսեցին և ոչ մի նոր զարգացում չնկատեցին: Տպավորությունն այնպիսին էր, որ պետք է քնեինք և արթնանայինք և Նոր Տարում հայտնվեինք նոր տարածաշրջանում, որը հնարավորություն կտար խոսելու նոր հարևանների և բոլորովին այլ զարգացումների մասին: Բայց ինչպես տեսնում եք, կառուցողական վերլուծության համար նյութը առավել քան բավարար է։ Հասկանալի է, թե ինչու որոշ «անփորձագետներ» փորձում են բառիս բուն իմաստով ամեն գնով սևացնել ցանկացած հաջողություն, սակայն երբ փորձառու քաղաքական գործիչներից մեկը հայտարարում է, թե արձանագրված հաջողությունները երկկողմ բարձր մակարդակի փոխայցելություններում ոչ այլ ինչ է, քան արարողակարգային երևույթ, ուզում ես ակամայից հարցնել, բա այդ ինչու՞, երբ «ժամանակով կատուն ճոն էր, շունն էր գլխին գդակ չուներ» արարողակարգային այցերը լինում էին աշխատանքային, իսկ անգամ ռազմավարական գործընկերոջ կամ Ֆրանսիայի նման բարեկամ պետության ղեկավարների պետական այցերը երազ էին թվում։ Վարիկ Միքայելյան, Անվտանգության հարցերով փորձագետ, Բոնն

No comments: