Tert.am. 27-1-2012- Թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադարձել է օտարերկրացիների` Թուրքիայում աշխատելու իրավունքի հետ կապված ճգնաժամային վիճակին` խոսելով մասնավորապես հայերի և վրացիների մասին:
Թերթը պատմում է, որ երկիրը լքում են «մեծ թվով» հայեր և վրացիներ, ներկայացնում նրանց դժգոհությունը, սակայն և հուսադրում է նոր տեղեկությամբ` այն մասին, թե Թուրքիայի աշխատանքի նախարարությունը բացառություն է անելու կոնկրետ ոլորտներում աշխատողների համար:
Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու տեսական սպառնալիքներն առայժմ «օտարների», նախևառաջ հայերի դեմ փորձարկվող թուրքական իշխանությունների նոր օրենքը շրջանառության է մտնելու ս/թ փետվարի 1-ից:
«Հյուրիեթը» Թուրքիայում հայերի ու վրացիների զբաղվածության ոլորտներ է նշում տնային աշխատանքը, դայակությունը և հիվանդների խնամքը:
Թերթը ներկայացրել է նաև Ստամբուլի Աքսարայ շրջանի Էմնիյեթ ավտոկայանում տիրող իրարանցումը` նկարագրելով, թե մարդիկ ինչպես են շտապ լքում երկիրը` Թուրքիայում ապօրինի մնալու համար տուգանք վճարելուց խուսափելու համար:
Թերթը նաև մեջբերում է կոնկրետ քաղաքացիների: ՀՀ քաղաքացուհի Հայկանուշը, օրինակ, նկատում է. «Հացը հայրենիք չունի: Որտեղ հաց կա, էնտեղ էլ մենք` տնտեսապես խոցելի մարդիկս, գնում ենք: Մենք պիտի ապրենք ու ընտանիք պահենք: Այլ տարբերակ չունենք»:
«Հյուրիեթը» ներկայացնում է նաև «վիզափախի» (visa-run) մեխանիզմը, երբ Թուրքիայում աշխատող օտարերկրացիները մեկնում էին հարևան երկրներ իրենց 90-օրյա ժամկետի լրանալուց հետո, իսկ հետո անմիջապես հետ գալիս` նոր 90 օրանոց վիզայով: Իսկ այժմ Աշխատանքի և սոցապահովության նախարարությունը օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս տուրիստական վիզայով երկրում մնալ միայն 3 ամիս, որի լրանալուց հետո նրանք ստիպված կլինեն սպասել ևս 3 ամիս նախքան կկարողանան վերադառնալ:
Պարբերականի փոխացմամբ` թուրքական իշխանությունները մի հարմարություն են ստեղծել ի նշան հայերի, ղրղըզների և գագաուզների հանդեպ երախտիքի: Խոսքը, սակայն, նշված ազգությունների այն ներկայացուցիչների մասին է, ովքեր հանդես են գալիս որպես տնային աշխատողներ և հիվանդապահներ:
Նրանց համար արվող բացառությունը կլինի այն, որ թույլ կտրվի առանց սահմանափակման աշխատել Թուրքիայում` հավելյալ վճարումների դիմաց: Հայերին և նշված մյուսներին չի կարող խոչընդոտել անգամ, եթե նույն աշխատանքի համար դիմեն Թուրքիայի քաղաքացիներ, գրում է թերթը` մեջբերելով Աշխատանքի և սոցապահովության նախարար Ֆարուկ Չելիքին:
Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր տուրիստական վիզայով եկել են Թուրքիա և ձեռք են բերել աշխատանքի թույլտվություն, կկարողանան Թուրքիայում իրենց կացության ժամկետը երկարաձգել մեկ տարով և ավելի ժամկետով, հայտնել է Չելիքը:
Սակայն այս դեպքում նրանք չեն կարող աշխատանքի հույս ունենալ այն սեկտորներում, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կցանկանան աշխատել:
Թերթը զուգահեռներ է անցկացրել նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալների միջև` ըստ հայկական և թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությունների տվյալների:
Այն դեպքում, երբ Էրդողանը Թուրքիայում ապրող հայերի թիվը սահմանել էր 170 հազար, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե այժմ Թուրքիայում ընդամենը 15 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում:
Իր անդրադարձը թերթը եզրափակում է վերոհիշյալ տիկին Հայկանուշին մեջբերելով. «Որպես հայեր` մենք միշտ հետ ուղարկվելու վախով ենք ապրել: Նման վերադարձը իմ ընտանիքի համար քաոս կնշանակի: Ես չեմ կարող ոչ սնունդ գտնել… ոչ աշխատանք»:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment