Thursday, January 5, 2012

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի քննարկմանը կդրվի մինչ հունվարի վերջ

Tert.am. 4-1-2012- Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի քննարկմանն է դրվելու մինչև հունվարի վերջ:
Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։
Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստառադիոկորպորացիան, շատ քաղաքագետներ կարծում են, որ Սենատն, այդուհանդերձ, «չի շտապելու» օրենքն ընդունել մինչև Ֆրանսիայի գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան համապատասխանաբար ապրիլին և հունիսին:

No comments: