Saturday, January 21, 2012

Վաշինգթոնը շարունակելու է հետևել Դինքի սպանության գործին

HayNews.am. 21-1-2012- Ինչպես Թուրքիայի կառավարությունը, այնպես էլ Դինքի ընտանիքը ակնկալում են, որ գործը ավարտվելու է Թուրքիայի վերաքննիչ դատարանում։ Այնպես որ, մենք կշարունակենք հետեւել դրան, այլ ոչ թե այս կամ որեւէ այլ ամբիոնից կկանխորոշենք դրա ելքը», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։ Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռին, դրա հարուցած դժգոհություններին եւ ԱՄՆ-ի արձագանքին վերաբերող հարցին` Նյուլանդը հիշեցրել է. «Մենք կանոնավոր կերպով խոսել ենք Թուրքիայի կառավարության հետ այս եւ այլ գործերի մասին։ Այս եւ այլ գործերի վերաբերյալ մենք հստակեցրել ենք` հավատում ենք, որ անկախ եւ թափանցիկ դատական համակարգը եւ լիակատար հաշվետվողականությունը վճռական նշանակություն ունեն որեւէ առողջ, բոլոր առողջ ժողովրդավարությունների համար, այդ թվում` Թուրքիայի»։ Հրաժարվելով գնահատել Թուրքիայի դատական համակարգի անկախության եւ թափանցիկության աստիճանը` Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է. «Նրանք անկախ դատական համակարգի երկար պատմություն ունեն։ Կարծում եմ` այն, ինչի կարիքը այստեղ կա, վստահությունն է, որ այս եւ նման մյուս գործերը թափանցիկ ձեւով են քննվում»։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: