Tert.am. 27-1-2012- «Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հայերի առջև բացեց Թուրքիայից փոխհատուցում պահանջելու ճանապարհը։ Այժմ Ֆրանսիայում գտնվող հայկական կազմակերպությունները, փոխհատուցում ստանալու նպատակով, Թուրքիայի դեմ հայցեր պետք ներկայացնեն Ֆրանսիայի դատարաններ։ Կարելի է, որպես փոխհատուցում, կալանքի տակ վերցնել Ֆրանսիայում Թուրքիային պատկանող գույքը, մինչև անգամ Ֆրանսիայի օդակայաններում վայրէջք կատարող թուրքական օդանավերը»,– արաբալեզու Sotaliraq. com (Իրաքի ձայն) կայքում «Թուրքիան պետք է փոխհատուցում տրամադրի հայերին» վերտառությամբ հոդվածում գրում է Զուհեյր Շանթաֆին։
Շանթաֆին հավելում է, թե տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող հայերը Ֆրանսիայում կամ Եվրամիության անդամ մյուս երկրներում Թուրքիայի կառավարության դեմ հայց պետք է ներկայացնեն դատարան և հայերի դեմ իրականացված ոճրագործության համար փոխհատուցում պահանջեն. «Այդպիսով մյուս պետությունները կհամոզվեն, որ փոքրամասնությունների դեմ ջարդ իրականացրած կամ նրանց բռնության ենթարկած անձինք պատժից չեն խուսափելու և անպայման փոխհատուցելու են՝ նույնիսկ երկար տարիներ անց»։
«Եթե Հայաստանի կառավարությունը, քաղաքական դրդապատճառներով, ՄԱԿ–ում Թուրքիայի դեմ նման հայցեր չի ներկայացնում, ապա աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ ժողովուրդը պետք է հաշվի չառնի այդ քաղաքական դրդապատճառները և չպետք է «զոհաբերի իր իրավունքները», իսկ Թուրքիան պետք է փոխհատուցի Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի, մուսուլմանների, արաբական երկրներում ապրող այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ իրականացրած հանցանքի համար»,–գրում է հոդվածագիրը և շնորհակալություն հայտնում Ֆրանսիային՝ նման արդարացի դիրքորոշման համար։
Եզրափակելով հոդվածը՝ Շանթաֆին գրում է. «Արդյոք կտեսնե՞նք մեկ այլ որոշում, որը կարգելի հայերի դեմ գործած մեղքերի համար ներողություն չխնդրած թուրք քաղաքական գործիչների մուտքը Ֆրանսիա։ Ցանկանում եմ, որպեսզի հայկական կազմակերպություններն այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանեն»։
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment