Wednesday, January 18, 2012

Ում են ուղարկելու Բաքու

«Լրագիր» 18-1-2012- Հայաստանը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու համար: Դա նշանակում է, որ առջեւում մասնակցի եւ երգի ընտրության կրքոտ շրջանն է: Բանն այն է, որ այս անգամ երգիչ-երգչուհիները պետք է որ էլ ավելի մեծ եռանդով նետվեն մրցույթի, որովհետեւ կա հայրենիքի հանդեպ նրանց անսահման սերը դրսեւորելու բացառիկ հնարավորություն: Չէ որ մեր երգիչ-երգչուհիները ոչ միայն երգում են հայրենիքի համար, այլ հայրենիքի համար են ծնվել, մեր կոմպոզիտորներն ու բառերի հեղինակներն էլ, ստեղծագործում են բացառապես ազգի եւ հայրենիքի համար, ինչպես համոզվում ենք հայրենասիրության եւ հայրենապաշտության մասին այդ բոլոր մարդկանց հրապարակային դատողությունների աուրայից: Դրանից այնպիսի տպավորություն է, որ եթե չլինեին հայրենիքն ու ազգը, մեր երգիչները ոչ միայն չէին երգի, այլ չէին էլ ծնվի, կամ վաղուց ինքնասպանություն գործած կլինեին: Շատ քիչ երկրներ ու ժողովուրդներ կարող են հպարտանալ այդօրինակ երաժշտական հանրության առկայության համար, եւ մեր ժողովուրդը այդ երջանիկ քչերի թվում է, անկասկած: Այդպիսով, մեր երաժշտական հանրույթը պետք է որ Եվրատեսիլ 2012-ին նետվի մահապարտի նման, ու առավել քան դժվար է լինելու ընտրությունը, քանի որ մենք չենք կարող Բաքու ուղարկել բոլորին կամ թեկուզ կեսի կեսին: Մենք Բաքու կարող ենք ուղարկել առավելագույնը երկուսին, եթե երգեն դուետով: Բայց, հայ ժողովուրդն իհարկե դրանից ավելի ծանր փորձությունների միջով է անցել եւ կասկած չկա, որ կհաղթահարի այդ փորձությունը եւս եւ առանց ավելորդ երկպառակությունների կընտրվի արժանի թեկնածուն, իսկ դրանից հետո թող ադրբեջանցիները մտածեն, թե ինչպես են լսելու նրան: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: