Tert.am. 1-1-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի կարողանում «մարսել» Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական Trend.az կայքից, Էրդողանը ևս մեկ անգամ քննադության է ենթարկել Ֆրանսիային: «Որևէ մեկը չի կարող մեր երկիրն օգտագործել ընտրություններում հաղթելու և պոպուլիզմի համար, մենք դա թույլ չենք տա: Ես դա բացահայտ հայտարարում եմ: Ֆրանսիան չի տեսնում իր դերը 1915 թ. իրադարձություններում, չի տեսնում այն, թե ինչ դրդիչ, սադրիչ դիրքորոշում է արտահատել այդ ժամանակ և ինչպիսի աջակցություն է ցուցաբերել հրոսակախմբերին»,-ասել է Էրդողանը:Թուրքիայի վարչապետը հավելել է, թե իբր իր երկիրը դեմ է պատմական փաստերի աղավաղմանը: «Այդ օրենքի առնչությամբ Ֆրանսիայի քայլերին զուգահեռ մենք փուլ առ փուլ կհայտարարենք և վճռականությամբ կիրականացնենք մեր միջոցառումները: Մենք չենք պատրաստվում որևէ բան կոծկել: Մենք ոչ թե պատմության փաստերի լուսաբանմանն ենք դեմ, այլև պատմության աղավաղմանը»,-ասել է նա:
Ֆրանսիայի Ազգային ժողովն օրեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment