«Լրագիր» 12-1-2012- Մի քանի ամիս առաջ հեռուստաընկերությունները ցուցադրում էին, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարարությունում տեղի ունեցած հավաքի ընթացքում բարկացած բղավում ռազմաբժիշկների վրա, նրանց մեղադրելով իրենց պարտականությունները թերի կատարելու համար:
Հունվարի 12-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ զորամասերից մեկում ջրծաղիկից մահացել է վեց ամիս առաջ բանակ զորակոչված մի զինծառայող: Տեղեկության մեջ ասվում է, որ երբ նա դժգոհել է առողջական վիճակից, նրան մեղադրել են սիմուլյանտության համար եւ հրամայել վազել 10 կիլոմետր:
Ըստ երեւույթին, Սեյրան Օհանյանն առաջիկայում կրկին խորհրդակցություն կանցկացնի, եւ գուցե առավել բարձր բղավի ռազմաբժիշկների վրա:
Բայց, փորձը ցույց է տալիս, որ բղավելը չի օգնում:
Ավելին, գուցե խանգարում է: Ռազմաբժիշկները միգուցե վախենում են եւ ընդհանրապես մոռանում իրենց մասնագիտական գիտելիքները, եթե իհարկե նրանք ունեն դրանցից: Թեեւ շատ հաճախ իհարկե խնդիրը ոչ թե գիտելիքի, այլ խղճի բացակայությունն է:
Բղավել պետք չէ, հարգարժան պարոն Օհանյան: Պետք է ընդամենը կայացնել որոշումներ եւ պաշտոնանկ անել ռազմաբժշկության թե մասնագիտական որակի, թե գործունեության բարեխղճության եւ կազմակերպվածության համար պատասխանատուներին, իսկ հարկ եղած դեպքում էլ հետամուտ լինել նրանց դատական պատասխանատվությանը:
Ընդ որում, ոչ միայն թերացումի կամ հանցանքի, այլ նաեւ բանակի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:
Եթե բոլոր պատասխանատուներն ազատված են, այն էլ մի քանի անգամ, ապա կնշանակի, որ պատասխանատվությունը նախարարից է, հետեւաբար կմնա ներկայացնել հրաժարականի դիմում:
Կառավարումը հանգիստ է սիրում, բղավելը որեւէ մեկին օգուտ չի բերում: Այլապես, եթե բղավելով հարց լուծվեր, ընդդիմությունը հիմա տասը անգամ իշխանափոխություն էր իրականացրել:
Եթե չեն սահմանվում պատասխանատվության հստակ մեխանիզմներ, եթե բանակի բոլոր պատասխանատուները՝ նախարարից մինչեւ շարքային զինվոր, չեն ենթարկվում սահմանված պատասխանատվության մեխանիզմին, այլ դրանց ենթարկվում են միայն հենց շարքային զինվորները կամ հաճախ քավության նոխազի դերում հայտնվող, իսկ իրականում գրեթե լիակատար անուշադրության մատնված կրտսեր սպայական կազմի ներկայացուցիչները, ապա արդյունքը լինում է այն, որ բանակում արդեն ջրծաղիկից էլ են մահանում:
Ի դեպ, պատասխանատվության այդ մեխանիզմի մասին ժամանակն է մտածել նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարին: Ի տարբերություն նախարարի, նա չի էլ բղավում՝ լռում է: Եթե բղավեր, ապա հեռուստաընկերությունները չէին վարանի դա ցույց տալ: Կամ եթե բղավում է առանց պոպուլիզմի, ապա նա էլ թերեւս պետք է տեսնի, որ բղավելն օգուտ չունի, ավելի լավ է ստորագրել՝ մի քանի բարձրաստիճան զինվորականի եւ գեներալի պաշտոնաթողության մասին հրամանագիր, չմտածելով, որ նրանք կարող են երես թեքել ընտրության ժամանակ:
Չէ որ կարեւորը նրանց երեսը թեքելը չէ, այլ բանակում առկա ապակառուցողական իրավիճակը բեկելը:
Ի դեպ, այդ իմաստով խոսքը միայն ողբերգական միջադեպերին վերջ տալու եւ դրանց ընթացքը կտրուկ արգելակելու մասին չէ: Իհարկե, դա պետք է լինի առաջնային նպատակը, քանի դեռ մահերը հաջորդում են իրար, բայց գերնպատակներից մեկը պետք է լինի նաեւ հայկական բանակում աշխարհաքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին ադեկվատ բարձրագույն հրամկազմի կորիզ ձեւավորելը:
Ժամանակն է Հայաստանի արտաքին քաղաքական եւ ընդհանրապես պետական քաղաքական պոտենցիալը ցրել նախագահի աշխատասենյակից եւ որոշակի չափաքանակներով կենտրոնացնել թե արտաքին գործերի, թե պաշտպանության նախարարություններում եւ բանակի զինված ուժերի գլխավոր շտաբում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, January 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment